Թուրքական նախապայմանները կքննարկվեն արդեն բանակցային օրակարգում. թուրքագետ

37

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման արդյունքները վկայում են, որ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը կշարունակվի, երկու կողմերն էլ ցանկություն ունեն շարունակել բանակցությունները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գերատեսչությունները հայտարարել են, որ բանակցություններն անցել են դրական մթնոլորտում, և շեշտել, որ համաձայնվել են շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների:

Ռուբեն Սաֆրաստյանը հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները դրական է գնահատում, քանի որ բանակցությունները հետագա շարունակության համար նախադրյալներ է տեսնում:

Թուրքագետը միևնույն ժամանակ ընդգծեց՝այն որ Թուրքիան հայտարարել է, թե պատրաստ է բանակցել առանց նախապայմանների, դա չի նշանակում, որ Թուրքիան հրաժարվել է իր նախապայմաններից: Փորձագետը կարծում է՝ թուրքական նախապայմանները կքննարկվեն արդեն բանակցային օրակարգում.

«Թուրքիան հասկացել է՝ եթե պաշտոնապես հայտարարեր, որ Հայաստանի նկատմամբ նախապայմաններ ունի, ապա բանակցություններ ուղղակի չեն կայանա, հայկական կողմը կհրաժարվի բանակցելուց: Մյուս կարևոր եզրակացությունն այն է, որ թուրքական կողմը իր տարիներ շարունակ առաջ քաշած նախապայմանները քննարկման կդնի արդեն բանակցությունների ընթացքում՝ որպես հարցեր,որոնց շուրջ պետք է բանակցել: Դա ոչ թե նախապայմանների ձևով կլինի, այլ օրակարգային հարցեր կլինեն, որոնք պետք է քննարկվեն: Դրանք այնպիսի հարցեր են, որոնցից հնարավոր չէ խուսափել:Եթե Թուրքիան այս հանդիպումից հետո պնդեր, որ Հայաստանի առջև նախապայմաններ է դնում, այդ դեպքում Հայաստանը կհրաժարվեր բանակցելուց, բանակցությունները չէին շարունակվի, նախապայմաններով բանակայի գործընթաց չի լինում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը և շեշտեց, որ Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից.

«Երբ նայում ես նրանց ղեկավարների, պաշտոնյաների հայտարարությունները, մամուլի հրապարակումները, ապա տեսնում ես, որ այնտեղ բոլորը ինչ-որ պահանջներ են դնում Հայաստանի առջև, սա է իրենց մոտեցումը: Հիմա իրենց նման հայտարարությունից արեցին, որպեսզի բանակցությունները հենց առաջին հանդիպումից հետո չդադարեն, շարունակություն ուեննան»,-ասաց Սաֆրաստյանը:

Աղբյուր` Փաստինֆո