Ուժեղացված ոստիկանական հսկողություն՝ Վարդենիսի համայնքապետի երդմնակալությանը

51

Վարդենիսի համայնքապետարանի առջև ուժեղացված ոստիկանական հսկողություն է․ քիչ հետո՝ ժամը 11։00-ին, նախատեսված է Վարդենիսի ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Համայնքապետարանի առջև մի քանի շարքով հատուկջոկատայիններ են կանգնած։ Հավանաբար, թեժ օր և բախումներ են ակնկալում, քանի որ ավագանու իշխող խմբակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները։

Նշենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Իշխող՝ ՔՊ-ական ավագանու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքերն ու նոր ընտրություններ անցկացնել։

Ընդդիմադիրները, սակայն, պատճառ չեն տեսնում նոր ընտրություն անցկացնելու, ստացել են համայնքապետարանի գլխավոր քարտուղարի ծանուցումը երդմնակալություն անցկացնելու մասին և այսօր պատրաստվում են արարողակարգային նիստին։