Փաշինյանը խնդիր ունի հայ հանրությանն ապացուցելու, թե ՀՀ-ի սահմանների շուրջը անվտանգային համակարգ ունենալը պարտադիր չէ

47

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի՝ Հայաստանը պարտավորվում է ապահով Ադրբեջանի և Նախիջևանի անխոչընդոտ կապը, որը պետք է լինի ոչ թե Հայաստանի, այլ մի երրորդ պետության անվտանգության մարմինների վերահսկողության ներքո։

Աննա Մկրտչյանը հարցրեց՝ ինչպե՞ս է ՀՀ սուվերեն տարածքում գործելու մի ճանապարհ, որով անցնելու են ադրբեջանցիները և որը մեր վերահսկողությունից դուրս է լինելու։

«Էս անձնավորությունը սկսեց չգիտեմ ինչերից խոսել։ Ցանկացած ֆորմատ՝ կլինի 3+3, թե Մինսկի համանախագահների աշխատանքները, ես համարում եմ, որ ՀՀ-ը ներկայացուցիչ չունի։ Որևէ սպասում, թե Հայաստանի շահը բանակցությունների կամ բանակի հզորացման միջոցով կարող է Նիկոլ Փաշինյանի օրոք կարգավորվել, բացառում եմ։

Սոչիի հանդիպմանը պատերազմի ժամանակ վարձկանների  ներգրավման, Արցախի ժողովրդի իրավունքների, ադրբեջանցիների՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու մասին որևէ խոսք չի եղել»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Աննա Մկրտչյանը։

Ընդդիմադիր պատգամավորը  համոզված է, որ այս իշխանություններն Արխացի էջը փակել են։ Փաշինյանն էլ խնդիր ունի հայ հանրությանն ապացուցելու, թե ՀՀ-ի սահմանների շուրջը անվտանգային համակարգ ունենալը պարտադիր չէ։ Նորմալ է, որ ՀՀ քաղաքացին կարող է առևանգվել։
«Նիկոլը կասի, որ նրանք  գերի են հանձնվել, հետո կսկսի համոզել հայ հանրությանը, որ նորմալ է, որ գերու հետեևից չենք գնում, մեկ տարում ակնկալել, որ գերիներին հետ ենք բերելու, չի լինի։

Փաստական հանգամանքներով  գերիներից կերտել հերոսներ, հետո նույն փաստական հանգամանքներով գերիներին անվանել հանցագործներ՝ իրենց վրայից գցելով գերիներին վերադարձնելու պարտավորությունը, ինչպես իրենց վրայից գցում են Հայաստանի անվտանգային համակարգն ապահովելու պարտավորությունը»,- իշխանությունների քաղաքականությունը վերլուծեց Աննա Մկրտչյանը։