Ինչքան իրենց հերոսացնենք, այնքան մեր ազգը գերի է հանձնվելու

50

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Oragir.news-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու են մեր զինվորները գերի ընկնում, ասաց.

«Գերի են հանձնվում նրա համար, որովհետև 2018 թվականի ապրիլյան անկարգությունների ժամանակ խաղաղապահ բրիգադի անձնակազմը, որը խախտել էր օրենքը, քրեորեն որևէ մեկը չի պատժվել, դասալքություն են կատարել և մասնակցել միտինգի, և դրանց հրամանատարը նշանակվել է բարձր պաշտոնի: Հետագայում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ աջ թևի պատասխանատուն, որ ինքն է եղել, այդ զորքերի կատարած «սխրագործությունները» բոլորիս հայտնի են, ինչի համար իրեն պաշտոնանկ են արել: Դասալքություն են կատարում և հանձնվում են գերի, որովհետև դիրքերը հանձնած կորպուսի հրամանատարը նշանակվել է գլխավոր շտաբի պետ: Դասալքություն են կատարում և գերի են հանձնվում նրա համար, որ բանակը քանդած գլխավոր շտաբի պետը կրկնակի նշանակվում է գլխավոր շտաբի պետ, որի վերաբերյալ հարուցված է քրեական գործ: Գերի են հանձնվում նրա համար, որովհետև առաջին փոխվարչապետը գերիներին օդանավակայանում դիմավորում է որպես հերոսների: Սրա մասին ես հնչեցրել եմ անցյալ տարի, երբ առաջին 7 հոգուն անտառներից բռնել-բերել էին, երբ չի կարելի իրենց մեծարել, և ինչքան այդպես շարունակվի, մեր ազգը գերի է հանձնվելու: Այսօր Շիրակում մարզպետ կա նշանակված՝ գերիների վերաբերյալ անընդհատ սուտ տեղեկություններ հայտնող՝ «Մեր տղերքը, մեր հերոսները…», ինչքան իրենց հերոսացնենք, այնքան մեր ազգը գերի է հանձնվելու: Հերոսը նրանք են, ովքեր պաշտպանել են 6-րդ պաշտպանական շրջանի 11 դիրք, որի վրա եկել է 11 տանկ, որից 10-ը խոցվել է, այ, իրենք են հերոսները: Հերոս են էն տղերքը, որ 5-րդ պաշտպանակի՝ Սեյսուլանի ուղղությամբ հետ են մղել 15 տանկից բաղկացած 3 հատ գրոհային խմբավորում: Հերոս են այն տղերքը’ 1-ին պաշտպանական շրջանի’ Հադրութի զորամասի, որոնք մինչև ամսի 27-ը անառիկ են պահել Հադրութի պաշտպանական շրջանը և տասնյակ տանկեր են խոցել: Հերոս են այն տղերքը, որոնք 9-րդ պաշտոնական շրջանի՝ Ջեբրայիլի զորամասի 2 գումարտակ, որոնք մինչև հոկտեմբերի 27-ը անառիկ են պահել իրենց զորամասի դիրքերը, երբ որ թուրքը արդեն հասել էր Շուշիի մատույցներին: Իրենք են հերոսները, այլ ոչ թե գերի հանձնվողները»,- ասաց Հակոբյանը:

Նա նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ցույցին միացած հրամանատարի վերաբերյալ ցանկացել է քրեական գործ հարուցել, սակայն Փաշինյանն այն կասեցրել է.

«Ես ծառայողական քննություն էի նշանակել դեռ այն ժամանակ, երբ գլխավոր շտաբի պետ էի, որ խաղաղապահ բրիգադի հրամանատարին հանեմ պաշտոնից և քրեական գործ հարուցեմ, վարչապետը ցուցում է տալիս, որ կասեցրեք այդ գործը»: