3 պատգամավորների օգնականները հրավիրվել են ԱԱԾ

40

ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը եւ Արմենուհի Կյորրեղյանի օգնական Տարոն Նազարյանը հրավիրվել են ԱԱԾ՝ բացատրություն տալու։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել եւ մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաեւ Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որեւէ կերպ չեն միջամտել։