Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն զինում է Սիրիայում ահաբեկիչներին և դարձյալ իր միջնորդությունն է առաջարկել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև

72

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քաթար կատարած այցի ժամանակ իրեն ուղեկցող լրագրողներին տված հարցազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը PKK-ի` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևին աջակցելու հարցում։

«Տարածաշրջանում ահաբեկչության դրսեւորումների դեմ համատեղ պայքար մղելու՝ Թուրքիայի կոչի ֆոնին ԱՄՆ-ն ակտիվորեն զինում է Սիրիայում ահաբեկիչներին։ Այդ ի՞նչ  բարեկամության դրսեւորում է Թուրքիայի հետ, ինչպիսի՞ գործընկերություն է սա ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Վաշինգտոնը, իհարկե, չի կարող պատասխանել այս հարցերին: Ցավոք, ԱՄՆ-ը սխալ քաղաքականություն է վարում տարածաշրջանում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։

Թուրքիայի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ վերջերս կայացած հանդիպման վրա և նշել, որ Սիրիայի թեման քննարկվում է երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով։

Էրդողանը նաև դարձյալ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: