Գերիների հարազատները կհասկանա՞ն, որ իրենց այսպիսի դժբախտության մեջ նետողները իրականում թքած ունեն իրենց վրա

69

Հայաստանը ավելի քան 1 տարի է, ինչ ուղղակիորեն գտնվում է քաղաքական դիակների մղձավանջային լծի տակ: Այդ պայմաններում, երբ իշխանություն է համարվում երկերեսանությաբ ու ստապաշտությամբ ներծծված կեղծավորների խմբավորումը, անտեղի ու ավելորդ են թվում բարոյականության մասին հիշատակումներն անգամ: Սրանց դեպքում երևի տեղին է բարոյազրկվածության բնորոշումը: Սակայն Նիկոլին ու նրա մանկլավիկներին հաջողվել է հատել նաև բարոյազրկության պայմանական «հատակը» և ավելի ցած իջնել: Ու ԱԺ նախագահի պաշտոնին նստեցված Ալեն Սիմոնյանի պահվածքը դրա առարկայական դրսևորումն է:

ԱԺ նախագահ (հնչում է որպես ծաղր) Ալեն Սիմոնյանը մի քաղաքացու հետ զրույցի ընթացքում, ըստ երևույթին չնկատելով, որ խոսակցությունը տեսաձայնագրվում է, սրտանց ասում է, որ ա) «ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան», բ) «էդ գերիները» դասալքություն են արել:
Եկեք միասին դիտարկենք, թե ո՛վ է խոսում, ո՛ր իշխանության ներկայացուցիչը (չնայած, ինչ ներկայացուցիչ, գործնականում պետության ղեկավարներից, ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը), ո՛ւմ մասին է խոսում: 

Նախ, Հայաստանի՝ գերության մեջ հայտնված զինծառայողների մասին խոսում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմի կարկառուն ներկայացուցիչը՝ Ալեն Սիմոնյանը: Ներկայացուցիչը այն իշխանության, այն «գլխավոր հրամանատարի», ում անմիջական մեղքով հարյուրից ավել հայ զինվորներ հայտնվել են թշնամական, թուրք-ադրբեջանական գերության մեջ, որտեղ այդ տղաներին ուղղակիորեն հոշոտել և հոշոտում են:
Այսինքն, գերիների մասին վիրավորական տոնայնությամբ ու նրանց հասցեին մեղադրական մոտեցմամբ խոսում է ներկայացուցիչը մի իշխանության, որն անմիջականորեն պատասխանատվություն է կրում այդ տղաների գերեվարման համար:

Երկրորդ. գերիների հասցեին այդպես խոսում է մեկը, ում ներկայացրած իշխանությունը, իր քարոզչական սպասարկուների միջոցով, գերության մեջ հայտնվելը որպես հերոսություն էր քարոզում, իսկ գերության մեջ հայտնվածներին ուղղակիորեն հերոսացնում էր:

Երրորդը՝ Ալեն Սիմոնյանի «պարտայգենոսսե», ավելին՝ «ռեվալյուշընֆյուրեր» Նիկոլ Փաշինյանը անձամբ հայտարարել էր, թե գերության մեջ գտնվող «մեր եղբայրները» ադրբեջանական զնդաններում պայքարում են Հայաստանի անկախության համար ու այդ վիճակում կարող են դիմանալ այնքան, որքան պետք է (Նիկոլի հերթական զառանցամիտ հայտարարություններից է, այնքան էլ շատ ժամանակ չէ անցել, կհիշեք): Ու մեկ էլ՝ հո՛պ, պարզվում է, որ Նիկոլի Ալենի համար այդ գերիները «արդեն չկան»:

Չորրորդը՝ գերության մեջ հայտնվածների մասին արհամարհական, մեղադրական արտահայտություններ է անում ա՛յն իշխանությունը, որը, կհիշեք, իր հերթին պատանդ էր վերցրել նույն այդ գերիների հարազատներին, նրանց բացահայտ ու անթաքույց ուղղորդել էր իշխանության հեռացումը պահանջողների դեմ, «սրսկելով», թե՝ Նիկոլի դեմ այդ ցույցերի ու ցուցարարների պատճառով է, որ Նիկոլը չի կարողանում գերիներին վերադարձնի:
Կարճ ասած՝ գերիներին առ ոչինչ է համարում մի իշխանություն, որն այդ գերիների հարցը ամենաանբարոյական եղանակներով շահագործել է:
Ի դեպ, մի երկու տեղ նման ակնարկներ հանդիպեցին, թե Ալեն Սիմոնյանն արդյո՞ք իշխանության տեսակետն է արտահայտում: Դե գիտեք, բազմաթիվ լատենտ նիկոլականներ կան, որոնք պատրաստ են կրքոտ պաշտպանել նիկոլական ցանկացած այլանդակություն՝ «մոռանալով», որ իրենք, կարծես թե հեղափոխություն էին անում, որպեսզի «այլանդակություններ չլինեն» ու էլի նման ինչ-որ «վեհ մղումներով»:
Անհեթեթություն է, ամեն դեպքում, քանզի Ալեն Սիմոնյանը հենց իշխանությունն է՝ իր զբաղեցրած գերբարձր պաշտոնով պայմանավորված:
Տեսնես գոնե այսքանից հետո գերիների հարազատները կհասկանա՞ն, որ իրենց նման դժբախտության մեջ նետողները իրականում թքած ունեն իրենց վրա, որ իրենց ոչինչ են համարում, գերության մեջ հայտնված իրենց զավակներին՝ գոյություն չունեցող: Կհասկանան ու ի՞նչ կանեն, էլի կհարձակվեն, օրինակ, Նիկոլի դեմ ցույց անողների վրա՞…
Չնայած դա արդեն անկարևոր է թվում, իսկ քաղաքական դիակների «ոչնչիստական» ռեժիմը, իր տարբեր ներկայացուցիչների ջանքերով, շարունակում է իր կործանարար ընթացքը՝ ավելի ու ավելի խորասուզվելով բարոյազրկման տիղմի մեջ:

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Ի դեպ, Իսրայելի մասին Ալեն Սիմոնյանը կարծես ինչ-որ բաներ լսել է: Դա նրան, իհարկե, չի փրկի, բայց թող մեկնումեկը հուշի, թե Իսրայելի իշխանություններն ինչ վերաբերմունք են դրսևորում իրենց բանակի գերի ընկած զինվորականների նկատմամբ և նրանց գերությունից ազատելու հարցում: