Դիանա Գասպարյանը վստահ է իր հաղթանակին

53

Դեկտեմբերի 5-ին, ժամը 12-ի դրությամբ Հայաստանի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 6,30 տոկոս։

Էջմիածնի քաղաքապետի քպ-ական թեկնածու Դիանա Գասպարյանը վստահ է, որ հաղթելու է, նա լրագրողներին ասել է. «Մենք ամեն ինչ արել ենք, որ առողջ մրցապայքար լինի, բայց հակառակորդների կողմից ոչ ազնիվ, վարկաբեկող եւ հակաքարոզչության դեպքեր բազմիցս տեսել ենք, անգամ այսօր էլ տեսնում ենք խախտման դեպքեր, երբ թեկնածու ունենք, որ իր նկարով մեքենա է կանգնեցրել ընտրական տեղամասերից մեկի դիմաց:

Մենք ահազանգել ենք ոստիկանություն: Երեկվա դրությամբ էլ տեսահոլովակ ենք տեսել լռության օրը: Իհարկե, չի նշվել, թե որ ուժին ընտրեն, բայց ակնհայտորեն քողարկված նախընտրական տեսանյութ էր»։

Դիանա Գասպարյանը հույս է հայտնել, որ օրվա ընթացքում էջմիածինցիներն ակտիվություն կցուցաբերեն, օրվա երկրորդ կեսին կգնան ընտրատեղամասեր։

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր ձայնագրություն. Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Սուրեն Պապիկյանին ասում էր, թե Փաշինյանը հանուն պետության պետք է գնա. «Իրան տարելա ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»։

 Լրագրողները հետաքրքրվել են, թե հայտնի ձայնագրությունից հետո ինչպե՞ս ստացվեց, որ իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները կարգավորվեցին։

Նա պատասխանել է.«Մեր հարաբերությունները երբեւէ խաթարված չեն եղել, մենք ունենք փայլուն հարաբերություններ մեր քաղաքական առաջնորդի հետ, երբեւէ որեւէ խնդիր չի առաջացել: Ձայնագրությանը չեմ ուզում այսօր անդրադառնալ, երբեւէ չի էլ քննարկվել այլ թեկնածու ունենալու հարցը»: