Գնացեք ու տեսեք, թե գյուղապետն ինչով է զբաղված, ինչպես է համայնքի ղեկավարն ուղղորդում քաղաքացիներին

58

«Լավ քարոզչություն ենք իրականացրել»,- քվերակության գնալիս ասել է Մասիսի համայնքապետի թեկնածու, ՏԻՄ ընտրություններում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի կողմից առաջադրված Դավիթ Համբարձումյանը։

 Նա նշել է, որ  գյուղում է մեծացել և կապը գյուղական համայնքների հետ միշտ է եղել. համայնքում իրեն  լավ են ճանաչում։

«Ես քարոզչություն չեմ կառուցել քաղաքական պայքարի վրա։ Մեր խոշորացված համայնքի բնակիչներին ասել եմ, թե ինչ ենք անելու առաջիկա 5 տարիներին։ Ոռոգման ցանցի, տրանսպորտի, խմելու ջրի հարցերը պետք է լուծենք։ Այգիներ պետք է տնկենք,  կրթական օջախներ, կոյուղագծեր պետք է կառուցենք։

Սոցիալական աջակցություններով, օգնություններով չի կարելի քաղաքացուն խաբել, իշխանական թեկանածուների՝ քարոզչության ընթացքում օգտագործած ձեռագիրն 90-ականների էր՝ հին։ Մարզպետարանից զանգեր են եղել՝ այսպես արեք, այնպես արեք, դպրոցի տնօրեններ են ներգրավվել քարոզչության մեջ, ընդհուպ զանգել են աշակերտներին, թե ձեր ծնողներին ասեք, որ այսպես անեն։

Ես խոր համոզմունք ունեմ, որ մենք հաջողություն կգրանցենք»,-հավալել է Դավիթ Համբարձումյանը։

Նա լրագրողներին խորհուրդ է տվել այցելել Խաչփար համայնք. «Գնացեք ու տեսեք, թե գյուղապետն ինչով է զբաղված։ Ինչպես է համայնքի ղեկավարն ուղղորդում քաղաքացիներին»։