Թեկնածուին բերման չեն ենթարկել. նա անհարկի աղմուկ է բարձրացրել

1531

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ էին  հայտնվել, թե Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանը,  այսօր՝  առավոտյան ժամը 8-ին,  բերման է ենթարկվել տանից:

 «Ազգին» հայտնի դարձավ, որ համայնքը երկար տարիներ ղեկավարող Հարությունյանին որևէ մեկը բերման չի ենթարկել։ Նա, ըստ մեր տեղեկությունների, ավելի վաղ հրավիրված է եղել «Հակակռուպցիոն կոմիտե»։

«Կոմիտեին խնդրել է քարոզարշավի ավարտից հետո ներկայանալ ու հարցաքնվել։ Իրավապահներն ընդառաջել են՝ համաձայնելով հանդիպումը տեղափոխել դեկտեմբերի 4-ին։ Պայմանավորվածության համաձայն՝ Հարությունյանը ներկայացել է իրավապահներին, ինչից հետո, չգիտես ինչու կամ ինչ ակնկալիքով, աղմուկ բարձրացրել, թե իրեն հետապնդում են։ Դա էլ, փաստորեն, իրավապահների ընդառաջ գնալու պատասխանն է եղել»,- ասաց «Ազգի» զրուցակիցը։

Տեղեկացանք նաև, որ հարցաքննությունից հետո թեկնածուն ուղևորվել է հայրենի Եղեգնաձոր ու այժմ, ըստ երևույթին, տանն է։

«Հակակոռուպցիոն կոմիտեից» էլ տեղեկացանք, որ Հարությունյանի հետ կապված քրեական գործ է քննվում, ինչի շրջանակում ձերբակալվածներ չկան։

Սևակ Վարդումյան