Հրաժեշտ՝ Ցորի հերոս հրետանավորներին

58

Դեկտեմբերի 2-ին՝ երեկոյան, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ Արցախի Ցորի զորամասի հրետանային դիվիզիայի 9 հերոսների հոգեհանգստյան արարողությունը, որն անցկացրեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Տղանրը 14 ամիս համարվում էին զոհված կամ անհետ կորած, որովհետև հարազատները շատ անգամ են մեկնել Արցախ՝ որոնողական աշխատանքների, սակայն նրանց մարմինները չեն գտել:

Տղաները վերջին անգամ  հարազատներին զանգահարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Հոկտեմբերի 12-ին նրանք թշնամու դիվերսիոն հարձակման են ենթարկվել: Այդ մասին հարազատներն իմացել են հրամանատարական կազմից և ողջ մնացած տղաներից: 35 հոգուց 20-ի ճակատագիրն անհայտ էր: Հոկտեմբերի 18-ին ադրբեջանցիները տելեգրամյան ալիքներում տարածել են տեսանյութ, որտեղ ցուցադրվել են  Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի զինվորների մարմինները: 10-ինը հստակ էին երևում, մյուսներինը՝ ոչ:

Անցյալ տարվա հոկտեմբերից տղաների հարազատները միավորվել են ու սկսել որոնողական աշխատանքները:  Արցախի ԱԻՆ-ի և ռուս խաղաղապահների միջոցով դեկտեմբերին Ջուվառլուից  դուրս են բերել 5 մարմին, հետո գտնվել է ևս 3-ը:

Վերջին հանդիպումը ռուս խաղաղապահների հետ եղել է այս տարվա հոկտեմբերի 20-ին: Ծնողները հավաստիացրել են, որ տղաների մարմիններն ադրբեջանցիների մոտ են. տեսանյութերը կան: Եվ միայն նոյեմբերի 2-ին ադրբեջանցիները Կարմիր շուկայի տարածքում ռուս խաղաղապահներին   են հանձնել 11 հերոսների մասունքները, որոնք մինչ այդ թաղված են եղել:

Հրետանային մարտկոցի զինվորները  հերոսբար են կռվել, մինչև վերջին շունչը՝ թշնամուն հասցնելով մեծ կորուստներ, ինչի պատճառով էլ ադրբեջանցիները նրանց մարմինները հուղարկավորել են բոլորովին այլ տեղ,  որպեսզի հայկական կողմը նրանց չգտնի ու չհերոսացնի:

Ցորի հրետանավորները զոհվել են սխալ հրամանների, բանակի ռազմական ղեկավարների պատճառով: Ողջ մնացած տղաները պատմել են, որ երբ նրանք զորքի տեղաշարժ են նկատել, զեկուցել են, իսկ Ջալալ Հարությունյանը հրաման է տվել՝ չկրակեք, մերոնք են. այնինչ թշնամու զորքն է եղել: Շտաբի պետ Գևորգ Գևորգյանը փախուստի է դիմել՝ իր հետ չվերցնելով նույնիսկ մեկ զինվորի: