Հիշատակդ վառ, Արթուր

87

19 տարեկան…

 Արթուր Գրիգորյանն ընդամենը 19 տարեկան էր, ժամկետային զինծառայող: Ջրականում ականանետային զորամասում էր ծառայում:

Երազում էր օպերատոր դառնալ, որ հայտնի մարդկանց հետ ընկերանար, նրանց հետ ծանոթանար, նրանց ճանաչեր:  2022-ի հունվարին էր զորացրվելու:

Մայրը դեռ սպասում է նրան.

«Ինձ թվում է՝ Արթուրս դեռ բանակում է, երկու տարին չի լրացել: Ամենածանր ամիսն եմ ապրում, գիտեմ, որ հունվարին պիտի գա: Չի գալու. այդ ժամանակ չգիտեմ՝ ինչպես եմ անելու, է՞նց եմ սպասելու նրան»:

Դպրոցն ավարտել էր ու զորակոչվել. կարելի է ասել՝ դպրոցական նստարանից բանակ է գնացել:

Արթուրը 34 օր կռվել է առաջնագծի ամբողջ երկանյքով մեկ՝ Ջրական, Հադրութ, Կարմիր շուկա, Մարտունի: Հայրը պատերազմի առաջին իսկ օրը մեկնել է Արցախ՝ որդու կողքին լինելու, սակայն նրան ուրիշ ուղղությամբ՝ Մատաղիս են տարել: Հայր ու որդի այդպես էլ չեն հանդիպել:

Արթուրի բախտը բերել է,  լավ հրամանատար է ունեցել՝ զինվորների մասին հոգ տանող, բարեգութ, զինվորին խնայող, սակայն հոկտեմբերի 30-ին Արթուրենց 30 հոգանոց խումբն ընկել է ԱԹՍ-ի հարվածի տակ: 30-ից 4-ն են փրկվել միայն:

Ավան վարչական շրջանում՝ այն բակում, որտեղ Արթուրը խաղացել է, զբոսնել, մեծացել, հիշատակի պուրակ է բացվել, որտեղ կանգնեցվել է նրա անունը հավերժացնող հուշաղբյուր: