Իմ ճանաչած Երկաթին հալեցնելու համար 1000 աստիճանը չի բավարարի. Ս. Սրապիոնյան

80

Այլևս ոչ մի կասկած. Հայաստանի վիլայեթացման վերջին արարն է։ Ձերբակալվում և ոչնչացման են դատապարտվում բոլոր նրանք, ովքեր սիրտ, հոգի ու արյուն են տվել ու տալիս են հանուն Հայրենիքի կայացման ու նրա անվտանգության։ Կալանավորվեց Աշոտ Մինասյանը` լեգենդար Սիսական ջոկատի նույնքան լեգենդար հիմնադիր-հրամանատար ԱՇՈՏ ԵՐԿԱԹԸ։ Սպանության փորձ կատարելու մեղադրանքով։ Զավեշտալի կհնչեր, եթե այսքան ողբերգական չլիներ։ Աշոտ Երկաթը մարդասպա՞ն։ Նա ԹՈՒՐՔԱՍՊԱՆ եղել է, այո՛, բայց մարդասպան լինել չի կարող։ Ուղղակի՛ չի կարող։ Գրի ու Հող հայրենիի նվիրյալները մարդ չեն սպանում։ Նրանք սպանում են ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ։

Որ այդ տեսակը չսպանի մարդուն` ծերին, մանկանը, կնոջը, մշակին ու սերմնացանին։ Ուրեմն` ԵՐԿԱԹԻՆ կարող են փակել միայն նրանք, որոնք իրենց հոգով թուրք են զգում, երկրաքանդ են և սերմնացան ու մշակ սպանող։ Քիչ, անասելիորեն քիչ են պատմության մեջ այնպիսիները, որոնց մասին լեգենդներ ու միֆեր են հյուսվում իրենց կենդանության օրոք։

Այդ հազվագյուտներից է ԱՇՈՏ ԵՐԿԱԹԸ։ Նրան իր սիրած ԺՈՂՈՎՈՒՐԴԸ տվել է ԵՐԿԱԹ պատվատիտղոսը, որովհետև տեսել է նրա անկոտրում ԿԱՄՔԸ, խիզախ ու անպարտելի ՈԳԻՆ, անմնացորդ ՆՎԻՐՈՒՄԸ,անընկճելի ՆՊԱՏԱԿԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ։ Սովորական երկաթը հալվում-հեղուկանում է 1000° ջերմության պայմաններում։ Իմ ճանաչած ԵՐԿԱԹՆ այլ բաղադրիչներ ունի։ Նրան հալեցնելու համար հազարը չի բավարարի։ Իսկ նրան կոտրել ցանկացողների ջերմությունը նույնիսկ 36,5-ի էլ չի ձգում։ Փոքրամարմին թվացող այդ ոգեղեն ՀՍԿԱՅԻ հանդեպ անզոր են թզուկ-ոչնչությունները։ 

ԱՇՈՏ ԵՐԿԱԹԸ իր մեծ նախորդի` ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹԻ ճշմարիտ գենի կրողն է։ Ու դեռ կվերադառնա։ Եւ վա՜յ ձեզ, սատանորդիներ։ 

Ես ԱՇՈՏ ԵՐԿԱԹ եմ։