Մենք պատրաստվում են Հայաստանի Երրորդ Հանրապետության հուղարկավորությանը. ՀՀԿ երիտներկայացուցիչներ

57

«Մինչև Սոչի այցելելը,  կապիտուլյանտն ու նրան շրջապատող խունտան որոշել էին, որ Արցախի հարցը պետք է մղվի 3-րդ պլան: Հանրության ուշադրությունը կենտրոնացրել էին հիմնականում Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի ենթակառուցվածքների անվտանգային խնդիրներին, ինչի արդյունքում Արցախի հարցը հանրային տիրույթից դուրս մղվեց: Դա հստակ քաղաքականություն է: Նրանք դրանով պաշտպանում են իրենց իշխանությունը  հետագայում Արցախի հետ կապված գործընթացների բացասական ազդեցությունից»,- ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերջին քայլերն այսպես է մեկնաբանում ՀՀԿ երիտասարդական կառույցի ներկայացուցիչ Հովհաննես Խաչատրյանը:

Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից նա համոզվել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում դեռևս մեծ դերակատարում ունի, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, նա Փաշինյանի կողմից որևէ հայանպաստ խոսք չի լսել:

«Փաշինյանը, երբ Երևանում էր, Ադրբեջանի քայլերը որակում էր ագրեսիա,  իսկ Սոչիում նա ագրեսիա բառը չասաց. դա հետքայլ է մեր դիրքերից:

Ստորագրված փաստաթղթում չկան ռազմագերիների վերադարձի ժամկետների, Արցախի ինքնորոշման, միջանկյալ կարգավիճակի հետ կապված կետեր»,- նկատում է ՀՀԿ երիտասարդ ներկայացուցիչը:

Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման դեռևս չկա. այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե հստակ ֆիքսված սահման չկա, ինչպե՞ս է Փաշինյանը ԱԺ-ի ամբիոնից հայտարարում, որ ինքը դեկտեմբերի 18-ին միանձնյա որոշում է կայացրել, որ մեր զորքերը պետք է նահանջեն, կամ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը ադրբեջանական տարածք է. այս իրողությունը Հովհաննես Խաչատրյանի համար անհասկանալի ու վրդովեցնող է:

«Փաշինյանի օրոք կատարված ցանկացած գործողություն հայանպաստ չէ, մենք պատրաստվում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետության հուղարկավորությանը»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը:

ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց կուսակցության նպատակը ոչ թե իշխանության հասնելն է,  այլ այսօր Հայաստանը կառավարողներին  իշխանությունից հանելը:

« ՀՀԿ-ն շարունակում է մնալ պայքարի կիզակետում  և ունի ներքաղաքական հստակ օրակարգ՝ զրկել կապիտուլյանտին իշխանությունից, համագործակցել  պետականամետ, պետականակենտրոն, ազգային ուժերի հետ:

Կա գրպանային ընդդիմություն. ամեն մեկն իրեն է առաջնորդ տեսնում»,-նկատել են ՀՀԿ երիտասարդները:

Հայկ Սևոյանի կարծիքով՝ մինչ իշխանափոխությունը ևս Հայաստանում եղել են դրսի ուժերով կառավարվող հոսանքներ, օրինակ՝ «Էլեկտրիկ Երևանը», իսկ  2018 թվականին պետության հիմքերը խարխլող ուժերն ավելի մեծ թափ ստացան:

«2018 թվականին փողոցներում ցույց անող երիտասարդներին սպանել է Փաշինյանը: 2018-ին նրան փողոցային հեղափոխությամբ իշխանության բերողները զոհվեցին պատերազմում:

Հուսախաբ է եղել երիտասարդությունը: Ամեն ինչ արվում է, որ մարդիկ հուսախաբ լինեն.  վերականգնվելն  ու պայքարելը շատ դժվար է»,- ոչ վաղ անցյալն ու ներկան այսպես գնահատեց ՀՀԿ ԵԿ անդամ Հայկ Սևոյանը:

Երիտասարդ Հանրապետականները  հիշեցրին, որ 2018 թվականին շատերը կարծում էին, թե  ՀՀԿ-ն կփակվի:

«Սակայն «Հանրապետականի» ձայնն էլ ավելի հնչեղ է լինելու: Մեր առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի վախենում կալանավորվելուց, եթե դա կօգնի Արցախին, Սյունիքին, հայկական երկու պետություններին, ինքը պատրաստ է կալանավորվել»,- Հանրապետականների գաղափարական դիրքորոշման մասին  ասաց Հայկ Սևոյանը: