Դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել. «Հայաստան» հիմնադրամ

54

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լսել է «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների  նպատակային օգտագործման վերաբերյալ  խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբի, հիմնադրամի հաշվեքննությունն իրականացնող աուդիտորական կազմակերպության և ՀՀ ֆինանսների նախարարի զեկույցները և դրանք ընդունել է ի գիտություն։

 azgonline.am-ը տեղեկացել է, որ ըստ աշխատանքային խմբի հայտարարության՝ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել: Աշխատանքային խումբն ու արտաքին աուդիտորը զեկուցել են, որ իրավական սահմանափակումները խոչընդոտել են ՀՀ կառավարության կողմից ծախսված գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրումը:

ՀՀ վարչապետը դիմել է ՀՀ հաշվեքննիչ պալատին՝ առաջարկելով դիտարկել այս հարցով կատարվելիք հաշվեքննություններում աշխատանքային խմբին և աուդիտորական կազմակերպությանը փորձագիտական մակարդակով ներգրավելու հնարավորությունը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Կառավարության թափանցիկ և հաշվետվողական գործելու պատրաստակամության մասին. աշխատանքային խմբի և արտաքին աուդիտորական կազմակերպության համար հասանելի դարձնել սկզբնական բոլոր փաստաթղթերը՝ աշխատանքներն ամբողջականացնելու համար և, որը շատ էական է,  վստահեցնել թե՛ խորհրդին, թե՛ հանրությանը, որ Հիմնադրամի ներդրումները Կառավարության խողովակներով պատշաճ կերպով են օգտագործվել։

Հոգաբարձուների խորհուրդն ուշադրության կենտրոնում կպահի այս հարցը և, ըստ անհրաժեշտության, վերստին կանդրադառնա դրան։

Խորհուրդը, արժևորելով Հիմնադրամի դերը աշխարհասփյուռ հայությանը համընդհանուր նպատակի շուրջ համախմբելու գործում, կրկին շնորհակալություն  է հայտնել բոլոր նվիրատուներին և աջակիցներին։