Նորին Մեծություն N° N°-ին նախերգ՝ նախքան քաղաքի այրումը

313

Լսեք, պատմեմ հիմա ես,
Իմ այս լեզվով թիլ ու թոթով,
Լսեք, ես եմ- մի միմոս,
Կարմիր այտով, կտրած լեզվով,

Կելնի հիմա նա, որպես դեբյուտ
Ու կխաղա չարյած հանդեսը հուժկու,
Իսկ թատրոնը ձեզ, որպես մի գյուտ,
Իսկ արվեստը ձեզ՝ անըստգյուտ Հադեսյան միրաժ պիտի թվա…

… Իջավ շուրջը մի համազարկ
Ու տիրեց գոռոց մի դավադիր
Փշրվեց ապակին ահարկու
Բղավոցից այդ դիվային։

… – Օ՜հ, եկավ, եկավ,
Ո՞վ կանչեց անունը գիշերով
Ո՞վ ձգեց նարոտը մեր
Նյարդային ջեռ պալարով։

Օ՜հ, եկավ նա խավարումութից
Աշխարհից դաժան, հողերից խոր-խոր
Եկավ ժառանգը սանդարամետի,
Ժահրոտ թագը ճակտին խաղալով։

Ձեռքին թազբեհ գորշերանգ.
Ամեն շարը- մի ցավ ու թույն
Ամեն «խեր-շառ» մի պայթյուն։
Ձեռքերը դաժան, սևերակ։

Ո՞վ էր՝ տվեց անունն այս արգել,
Ո՞վ էր՝ կանչեց նրան գիշերով,
Եկավ նորօրյա Ներոն կարգվելու,
Եվ պատվեց ցերեկը մթնի փեշերով։

Օ՜հ, տղան՝ զավակը անդրի
Որ գույժ է մրմունջը, շունչը ռնգի,
Բերեց մեզ դարան մի դավադիր,
Ու կանի հենց այն՝ ինչ փչի քունքին։

Նա է՝ տղան չարյաց արքայի,
Նա է՝ իշխանը խոր-խոր Հադեսի,
Գահաժառանգը մահուգահի,
Եվ դիրիժորը արյան հանդեսի։

Նա է, որպես նեռ ու Ներոն
Հղացել պիեսն այս դաժնեդաժան,
Ու խաբելով, դյութելով ու այրելով
Շինել «շվայտ» ցնորքն իր գժական։

… Ու ես, ու ես որպես ըմբոստ պարերգու,
Որպես հայհոյող թաքուն միմոս,
Պիտի հուշեմ, պիտի գուժեմ իմ պրակով
Այն եղերը, այն ավերը վրահաս,

Որ կբերի բեմն այս խավար ու լերթ
Ու սև ինքնակալը մենախոս։
Շուտով կորոտա արնածոր մի երգ
Ու կշռնդան դալավները բոսոր։

Օ՜հ , չի ծնել դեռ արգանդը մարդեղեն
Երբևէ նման զիլ մի ինքնակալ,
Նա մռնչոցով աշխարհ է եկել
Աշխարհը բռնած ակն ընդ ական։

Օ՜հ, ի՜նչ եք խոսում, ի՜նչ
Ո՞վ է Ռուսան, ո՞վ՝ Մենուան,
Ո՞վ է Թիգլաթպալասարը և
Նա է՝ նորօրյա Ներոնը հենց
Երկնված վիհից, խոր-խոր ներքևից։

Օ՜հ, ի՜նչ եք խոսում, ի՜նչ
Ո՞վ է Սարդուրին, Համոնը Թութան,
Եվ ո՜վքեր են հին աշխարհի անունները մեծ.
Ներոնն է՝ սանդարամետի որդին
Դժոխային թատրոնի ինքնակալը հենց։

Օ՜հ, եկավ, եկավ նա՝ որդին խավարի,
Բեմ է ելնում ինքը՝ Ներոնը մերօրյա
Դաժան դրամատուրգը չարյաց.
Ձեռքին թղթեր- սև ու սևագիր,
Ձեռքին պիես- չար ու չարորակ։

Օ՜հ, եկավ, եկավ, ձգվեգ այս խաղին.
Գլուխն անդեմ- մթնոտ մի գանգ,
Ճակտին խամրած օվալե թագ
Եկավ դանդաղ՝ քայլով իշխողի։

Դեհ ծափ տվեք, թե դեռ կարող եք.
Հանճարեղ արքան ելնում է բեմ,
Գուշակեցեք, թե դեռ կարող եք,
Անունը մեր արքայի անդեմ.

«Հոր անունն է միավանկ,
Իր անունն է եռատառ,
Մոր անունն է միավանկ,
Իր անունն է եռատառ»…