Զենքի համաշխարհային առևտրի վերջին 5 տարիների տվյալները. Մաս 1

265

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) ամփոփել է 2016-2020 թվականներին զենքի (սպառազինության) համաշխարհային առևտրի արդյունքները։

Ըստ զեկույցում հրապարակված տվյալների, 2001 թվականից ի վեր առաջին անգամ սպառազինության վաճառքի ծավալները նախորդ հնգամյակի համեմատությամբ չեն ​​աճել, իսկ հիմնական արտահանողները շարունակում են մնալ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, թեև Ռուսաստանի Դաշնության կողմից զենքի վաճառքի ծավալը նվազել է 22% -ով։ 2016-2020 թվականներին զենքի և ռազմական տեխնիկայի հիմնական ներկրողները եղել են Մերձավոր Արևելքի երկրները։

«Դեռ վաղ է եզրակացնել, որ համաշխարհային մասշտաբով 20 տարի տևող սպառազինությունների մեծածավալ ու արագ վաճառքի շրջանն ավարտվել է,- ասում է SIPRI-ի փորձագետ Փիթեր Վեզեմանը,- կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները կարող են ստիպել մի շարք պետությունների առաջիկա տարիների համար վերանայել զենքի ներկրման մասշտաբները, բայց միևնույն ժամանակ, նույնիսկ 2020 թվականի համաճարակի ամենաթեժ պահին, որոշ երկրներ պայմանագրեր են կնքել զենքերի խոշոր խմբաքանակի մատակարարման համար»:

Սպառազինության միջազգային մատակարարումների ծավալը 2016-2020 թվականներին՝ 2011-2015թթ․ համեմատությամբ ցածր է եղել 0,5%-ով և 12% -ով ավելին, քան 2006-2010 թվականներին։

Խոշոր արտահանողներ

2016-2020 թվականներին զենքի արտահանմամբ զբաղվող երկրների առաջին հնգյակում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանն են։ Այս պետություններին բաժին է ընկնում զենքի հիմնական արտահանման 76%-ը: Սառը պատերազմի ավարտից ի վեր սպառազինության առևտրի փաստացի ծավալները մնում են առավելագույնին մոտ։

10 խոշորագույն արտահանողների համաշխարհային մասնաբաժինը 2016-20 թվականների համար հետևյալն է. ԱՄՆ-37%, Ռուսաստան-20%, Ֆրանսիա-8,2%, Գերմանիա-5,5%, Չինաստան-5,2%, Մեծ Բրիտանիա-3,3%, Իսպանիա-3,2%, Իսրայել-3,0%, Հարավային Կորեա-2,7%, Իտալիա -2,2%, այլ երկրներ-9,6%:

ԱՄՆ

ԱՄՆ-ը շարունակում է մնալ զենքի խոշորագույն արտահանողը։ Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ն զենք և ռազմական տեխնիկա է վաճառել 96 երկրների, իսկ 2011-2020 թվականների ընթացքում զենքի արտահանումն աճել է 15%-ով։

2016-2020 թվականներին արտահանված սպառազինության գրեթե կեսը (47%) բաժին է հասնում Մերձավոր և Միջին Արևելքին: Մատակարարումների զգալի աճ է նկատվում տարածաշրջանի հատկապես երեք երկրներում՝ Իսրայելում (335%), Կատարում (208%) և Սաուդյան Արաբիայում (175%): Հիմնական գնորդը (24%) Սաուդյան Արաբիան է:

Ռուսաստան

Ռուսաստանի զենքի արտահանման ծավալները նախորդ հնգամյակի համեմատությամբ 2016-2020 թվականներին կրճատվել են։ Հիմնական պատճառը 53%-ով Հնդկաստան մատակարարումների կրճատումն է։ Ընդ որում, արտահանումների աճը դեպի Չինաստան (49%), Ալժիր (49%) և Եգիպտոս (430%) չի փոխհատուցել Հնդկաստանի կորուստները: Այսուհանդերձ Հնդկաստանը շարունակում է մնալ ռուսական զենքի հիմնական ներկրողը` «կլանելով» Ռուսաստանի ընդհանուր արտահանման 23%-ը: Ռուսաստանից սպառազինության ներկրման ծավալներով երկրորդն ու երրորդը Չինաստանն ու Ալժիրն են՝ համապատասխանաբար 18% և 15%:

2016-2020 թվականներին Ռուսաստանը զենք է արտահանել 45 երկիր, մինչդեռ 2011-2015 թվականներին ռուսական զենք է ստացել 53 երկիր: Տարածաշրջանային մակարդակում Ռուսաստանի զենքի արտահանումը Ասիայի և Օվկիանիայի երկրներ 2011-2015 թվականների համեմատ նվազել է 36%-ով: Ռուսական զենքի արտահանումը Մերձավոր Արևելքի երկրներ աճել է 64%-ով, Աֆրիկայի երկրներ` 23%-ով: 2016-2020 թվականներին Ռուսաստանը զենք է արտահանել Մերձավոր Արևելքի 10 երկիր, մինչդեռ 2011-2015 թվականներին՝ 7 երկիր։

Ֆրանսիան

Աշխարհում զենքի երրորդ խոշոր արտահանողը Ֆրանսիան է, որը 2016-2020 թվականներին զենքի վաճառքն ավելացրել է 44% -ով և ապահովել զենքի համաշխարհային շուկայի 8,2%-ը:

Մերձավոր Արևելքին բաժին է ընկնում ֆրանսիական զենքի արտահանման 48%-ը, Ասիայի և Օվկիանիայի երկրներին՝ 36%։ 2016-2020 թթ․ Ֆրանսիան զենք է մատարարարել 69 երկրի, որոնցից երեքը՝ Հնդկաստանը, Եգիպտոսը և Կատարը, միասին ստացել են ֆրանսիական զենքի արտահանման 59%-ը: Ինքնաթիռների վաճառքը կազմել է 2016-2020 թվականների սպառազինության արտահանման 45%-ը, իսկ ռազմանավերի վաճառքը՝ 17%-ը։

Գերմանիա

Գերմանիան շարունակում է զբաղեցնել զենքի խոշորագույն արտահանողների 4-րդ հորիզոնականը։ Վերջին 10 տարվա ընթացքում երկիրը 21%-ով ավելացրել է զենքի արտահանումը, ինչը կազմում է զենքի համաշխարհային առևտրի 5,5% -ը։ Գերմանական զենքի հիմնական ներկրողներն են Հարավային Կորեան, Ալժիրը և Եգիպտոսը։

Արտահանման հիմնական ուղությունը Ասիայի և Օվկիանիայի երկրներն են՝ 38%։ Չնայած այն հանգամանքին, որ 2016-2020 թվականներին Գերմանիան զենքի վաճառքի խիստ սահմանափակումներ է մտցրել Սաուդյան Արաբիայի համար, Մերձավոր Արևելքին բաժին է ընկել գերմանական զենքի արտահանման 23%-ը։ Այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է Եգիպտոսի կողմից երեք սուզանավերի ձեռքբերմամբ։

Նավերի, այդ թվում 11 սուզանավերի վաճառքը 2016-2020 թվականներին կազմել է գերմանական զենքի արտահանման ընդհանուր ծավալի 46% -ը, իսկ զրահամեքենաների վաճառքը՝ 15% -ը:

 Չինաստան

Զենքի խոշոր արտահանողների հնգյակը փակում է Չինաստանը։ Վերջին հինգ տարիների ընթացքում վաճառքի ծավալները նվազել են 7,8% -ով, արդյունքում կազմելով ռազմական տեխնիկայի համաշխարհային առևտրի 5,2% -ը: Չինական զենքի հիմնական գնորդներն էին Պակիստանը, Բանգլադեշը և Ալժիրը։

Աղբյուրը՝ gazeta․ru

Առավել մանրամասն՝ SIPRI-ի հրապարակած զեկույցում։

https://sipri.org/sites/default/files/2021-03/fs_2103_at_2020.pdf

Տես՝ Մաս 2