Նադո Մախմուդով «Սպիտակ ձիավորը»

678

«Ես ոչ առաջինն եմ, ոչ վերջինը. յուրաքանչյուրը, ով կարող է, պետք է գրի, պատմի, երգի      Անդրանիկի մասին, որովհետև այդպիսի իսկական ազգային հերոսներ աշխարհ են գալիս ոչ այնքան հաճախ»:

                                                                                                  Հովհաննես Իսակով

Հայոց ճակատագրում անչափելի է  Անդրանիկի դերը, նա  հայության սիրելին էր, իր ժողովրդի հերոսը:
Զորավարի մասին խոսել ու պատմել են, նրան մեծարել են, նրան նվիրել երգեր, բանաստեղծություններ:
Հետաքրքիր է, որ այս «լեգենդար հերոսի»[1] մասին իրենց հուշն են թողել նաև քրդերը: Անդրանիկին է նվիրված քուրդ նշանավոր գրող և հասարակակն գործիչ, 1929  թվականից  ԽՄԿԿ անդամ Նադո Մախմուդովի «Սպիտակ ձիավորը» պատմվածքը:
Նադո Մախմուդովը ծնվել է  1907  թվականին Մարտունու շրջանում, հովվի ընտանիքում: Զրկանքներով կյանքը նրան ստիպում է մանուկ հասակից  ձեռքն առնել հովվի մահակը և արածացնել աղայի հոտը,կրթության ծարավը նրան մեծ բարձունքների է հասցնում: 1959 թվականին լույ է տեսնում նրա «Քուրդ ժողովուրդը» գիրքը, որը պատմական մի համառոտ ակնարկ է այդ ժողովրդի անցած ուղու մասին, սկսած հին ժամանակներից մինչև մեր օրեր:
 1965 թվականին «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայում Նադո Մախմուդովի «Փոքրիկ Դուաժոն » պատմվածքների ժողովածուն:
Անդրանիկի մասին իր առաջին հանդիպման, տպավորությունների մասին հեղինակը պատմում է «Սպիտակ ձիավորը» փոքրիկ պատմվածքում: Ահա թե ինչպես է նկարագրվում Անդրանիկը. «Սա սպիտակ նժույգին նստած,թիկնապահ հեծյալներով շրջապատված միջին տարիքի, գեղեցիկ կեցվածքով, զինվորական համազգեստով մի մարդ էր: Զինվորական համազգեստ եմ ասում, որովհետև ոչ բոլորն ունեին այդ համազգեստը: Նրա ուսերին փայլում էին ոսկեզօծ ուսադիրներ, կողքից կախված էր արծաթյա պատյանով սուրը, գլխին ուներ մոխրագույն կարակուլից սրածայր գլխարկ: Սև փարթամ բեղերը, արծվաքթով խիստ դիմագծերը նրան ավելի ազդեցիկ տեսք էին տալիս: Նա այնպիսի վարպետությամբ էր նստած ձիուն, որ կարծես միաձուլված լիներ նրան»:[2]
Հեղինակը հիշում է, որ Անդրանիկի վերաբերմունքը դեպի իրեն , դեպի քուրդ ժողովուրդը բարի էր.«Առջևից գալիս էին գյուղի մեծամեծները`ձեռքներին աղ ու հաց: Սպիտակ ձիավորը հանգիստ քայլերով մոտեցավ, ընդունեց նրանց ողջույնը և սպիտակ սփռոցի վրայի հացից կտրելով մի պատառ` թաթախեց աղի մեջ ու կերավ…երբ աղ ու հացի արարողությունը վերջացել էր, և սպիտակ ձիավորը կարգադրում էր զինվորներին առաջ բերել մեզ` ինձ ու Մանուկին:
-Ո՞վքեր են այս տղաները,-հարցրեց սպիտակ ձիավորը`դիմելով գյուղացիներին:
-Այդ մեկը իմ տղան է, պարոն զորավար,-առաջ եկավ ռեսը, իսկ էս մեկը քրդի անտեր լամուկ է:
-Քո տղան և այդ լամուկը  ընկերնե՞ր են,-հարցրեց զորավարը:
-Պարոն զարավար, էնքան եմ բարկացել տղայիս վրա, որ դրա հետ ընկերություն չանի. Քուրդն ո՞ր, հայն ուր: Համ էլ դա խո իմ տղի թայը չի՞, սոված անտերի մեկն է…
Սպիտակ ձիավորը դարձավ դեպի ռեսը.
-Պարոն ռես, իսկույն երևում է, թե ինչպես ես դաստիարակել քո տղային, դրա համար էլ էսօր նա դավաճանեց իր ընկերոջը: Փոքր հասակում ընկերոջ դավաճանողը, որ մեծանա հայրենիքին էլ կդավաճանի: Դուք էսօր ինձ աղ ու հաց բերեցիք.ի’նչ կլինի, եթե ես էգուց դավաճանեմ այդ աղ ու հացին,-խոժոռված խոսեց նա:
-Պարոն զորավար, չէ՞ որ քրդերը նույնպես դավաճանել են հայերի հետ կերած աղ ու հացին:
Լսելով ռեսի այդ պատասխանը, սպիտակ ձիավորը ավելի մռայլվեց.
-Ինչպես կերևա ռես, դու գայլն ու գառը իրարից չես ջոկում և այդ խելքով գեղը քեզ են հանձնել: Փոխանակ գայլի հետևից ընկնելու, ընկել եք այս անխոս մրջյունների հետևից: Հայերի և քրդերի բարեկամությունը քոռ Հյուսեյին փաշան քւ քեզ նմանները քանդեցին: Իսկ քրդերի մեջ Հաջի Մուսայից  և Հյուսեյին բեկից բացի, շատ ազնիվ մարդիկ կան, որոնց մասին դու չգիտես»:


[1] Անդրանիկին այդպես է անվանել մարշալ Բաղրամյանը:

[2] Նադո Մախմուդով, Փոքրիկ Դուաժոն,Երևան, 1965, էջ`78-79: