Թեհրան․ Էր-Ռիադի հետ բանակցությունները կարող են բարելավել Իրանի և Եգիպտոսի հարաբերությունները

65

Թեհրանի և Էր Ռիադի միջև հարաբերությունների հնարավոր բարելավումը դրական ազդեցություն կունենա Իրանի և Եգիպտոսի միջև իրավիճակի կարգավորման վրա, հայտարարել է Իրանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության գլխավոր տնօրեն Միր Մասուդ Հոսեյնիյանը:

«Ներկա պահին մենք փորձում ենք բարելավել հարաբերությունները Եգիպտոսի հետ, սակայն այդ գործընթացը դանդաղ է ընթանում», – մեջբերում է նրան ISNA-ն: «Իհարկե, եթե Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում տեղի ունենա դրական տեղաշարժ, ապա այս հարցը, անշուշտ, ազդեցություն կունենա Եգիպտոսի հետ փոխգործակցության վրա»:

Հոկտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարեց, որ մինչ այժմ Բաղդադում տեղի է ունեցել Թեհրանի և Էր Ռիադի միջև բանակցությունների չորս փուլ: Բացի այդ, կողմերը կապ են հաստատել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Նրա խոսքով, երկխոսությունը կենտրոնացած է երկկողմ և տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Պարսից ծոցում և Եմենում տիրող իրավիճակի վրա: