«10 միլիոն Հայաստան․․․»․ Լևոն Գալստյան

48

ՀՊՄՀ լրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անհատական հայը հզոր է, հավաքական հայը՝ անզոր, անհատական հայը հաջողակ է, հավաքական հայը՝ ձախողակ։ Այս հանրահայտ տպավորության օգտին են խոսում պատմական եղելությունները՝ միաբանվելու անկամություն, տարածքային ու մարդկային կորուստներ, ի վերջո՝ հայրենազրկում։ Ծառանում է հարցը․ մենք խանգարո՞ւմ ենք մեկմեկու․չէ՞ որ ՄԵՆՔ-ը հայրենիքն է։ Ուրեմն, մեզ խանգարում է․․․ հայրենի՞քը։

Թերևս, այո, բայց ո՞րն է այս <<հանրահայտ տպավորության>> ակունքը։ Բանն այն է, որ մեզ համար Հայրենիքը ժամանակայի՛ն և ոչ տարածական գաղափար է։ Մեր հայրենիքը կամ անցյալում է, կամ ապագայում․ <<Ծովից ծով Հայաստան ենք ունեցել>> կամ թե․<<Եթե միաբան լինենք, կնվաճենք ամբողջ աշխարհը>>։ Ունեցել ենք․․․ եթե լինենք․․․ Միայն անցյալ և միայն ապագա․․․

Փաստորեն, մեզ համար տարածությունը ժամանակայի՛ն և ոչ երկրաչափական հասկացություն է։ Եթե լիներ երկրաչափական, կհետևեր հայրենիքի ֆիզիկական ուրվագծումն այսօ՛ր, հիմա՛, որը կամք է պահանջում, ամենօրյա տքնանք է պահանջում, և որը կոչվում է Պետություն։ Փաստ է նաև, որ մենք հեշտությամբ ենք հրաժարվում պետությունից, որովհետև Տարածական պետությունը պատասխանատվություն է, իսկ Ժամանակային հայրենիքը՝ իրավունք։ Այսպիսով, մենք մերժում ենք տարածական, իրական հայրենիքը՝ պետությունը՝ որպես դիմադրողականության վահան աշխարհի դեմ։

Մենք Հայրենիքի հոգո՛ւ (Հոգևոր Հայաստան) և ոչ թե նրա մարմնի՝ (Հայոց պետություն) նվիրակներ ենք։ Եվ քանի որ հոգևորը նյութական հաղթանակներից ու պարտություններից վեր է,՝ այնտեղ, հեռվում՝ բնազանցական ոլորտում, գոյելն ավելի դյուրին է։ Հայրենիքի հոգևոր ոլորտում բառը կորցնում է իմաստը․ավելին, այն կարող է շրջել բառի բուն իմաստը, և պարտությունը կարող ենք հաղթանակ համարել, հաղթանակը՝ պարտություն։

Չէ՞ որ նյութական հայրենիքը պատասխաննե՛ր է, պահանջում, Հոգևորը՝ ոչ։ Այստեղ կա մի առեղծված․նկատե՞լ եք՝ պաշտպանվելով հոգևորի թմբիրում, որքան նյութապաշտ է հայ անհատը (դա էլ՝ այն պատճառով, որ լավ գիտե՝ որքան խոցելի է հոգևորը, և իրեն պաշտպանում է աշխարհիկ բարիք-զինանոցով)։ Եվ, այնուամենայնիվ, այս ի՞նչ առեղծված է, երբ անհատական հզոր հայն այդպես անզոր է դառնում հավաքվելիս։ Այն, ինչ հիմա կասեմ, ըստ իս՝ ոչ լավ է, ոչ վատ, այլ պարզապես փաստի արձանագրում է։

Ամբողջ խնդիրն այն է, որ հայ անհատը մի շարք հատկանիշերի տարօրինակ հավաքականություն է, որոնք հույժ նպաստավոր կարող են լինել հավաքական, պետակա՛ն գործելակերպի համար։ Այսպես, հայ անհատն իր ես-ի ինքնիշխան աշխարհի սահմանները լավ գիտե և կարողանում է դրանք պաշտպանել (անվտանգային-պաշտպանական համակարգ, բանակ), հարկ եղած դեպքում նվաճել ուրիշի անհատականության տարածքները (նախահարձակ կեցվածք, հմուտ դիվանագիտություն)։

Նա լավ գիտե հաշվել ոչ միայն իր, այլև ուրիշի փողերը և մշակել (արդյունավետ տնտեսավարում)։ Հայը ստեղծարար անհատ է․չի տրվում սրտմաշուկ հուշերին, այլ ապավինում անսպառ երևակայության թռիչքին, աշխարհի բարեբեր դաշտերում ոսկե սերմեր է ցանում և առատ հունձք ապահովում, ամուր պահպանում է ավանդական արժեքային հենարանները, բայց նաև չի պարփակվում սոսկ իր տեսադաշտով, նրա հայացքը հորիզոնից անդին է․․․ (մշակութային քաղաքականություն)։

Նա հույժ հոգատար է իր անձի ու ընտանիքի անդամների առողջության հանդեպ․վերջին լուման կտա, միայն թե փրկի սիրելիներին (արդյունավետ առողջապահություն)։ Ամենաթերուս հայ անհատն անգամ անփոխարինելի զրուցակից է օտարների համար․այնպիսի քաղաքակրթական բարձր կերպարով հանդես կգա նրանց առջև, որ թերարժեքության բարդույթ կհարուցի ամենաչզարմացող եվրոպացու մեջ անգամ (փայուն զբոսաշրջություն)։ Իսկ առինքնող սփյուռքահայը բարեկրթության ու փաստարկման-համոզման այնպիսի վարպետաց դասեր կտա օտարին, որ վերջինս լրջորեն կվերանայի իր աննպաստ պատկերացումները հայերի մասին (արդյունավետ տեղեկատվական պատերազմ)։

Այսպիսով, հայ անհատն ինքնին մի ինքնուրույն Հայաստան է, 10 միլիոն Հայաստան։ Դժբախտաբար թե բարեբախտաբար, մենք դատապարտված ենք ստեղծելու 10 միլիոն Հայաստանների Հայաստան։ Եվ Հավաքական հայը ժամանակի վերացական օթևաններից կվերադառնա Տարածության առարկայական դաշտ։ Անհատների՛ արտառոց հավաքականություն․սա՛ է հայոց պատմության առեղծվածը։ Գուցե նաև՝ վերելքի բանալի՞ն․․․»։