Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Ռումինիայից

61

interfootball.am

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Բուխարեստի «Ստայուա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Ռումինիայի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային տոտալ առավելություն և 26-րդ րոպեին Ալեքսանդրու Միտրիցեի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։

Նախքան ընդմիջման գնալն էլ տանտերեն ունեին հաշվի առավելությունը կրկնապատկելու մի շարք հնարավորություններ, սակայն Դավիթ Յուրչենկոն որոշ դրվագներում փրկեց մեր թիմին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին Ռումինիայի հավաքականի նվազագույն առավելության պայմաններում։

Հանդիպման ընդմիջմանը Խոակին Կապառոստը միանգամից երեք փոփոխություն կատարեց. Խորեն Բայրամյանի, Արտակ Գրիգորյանի և Տիգրամ Բարսեղյանի փոխարեն դաշտ մտան Սարգիս Ադամյանը, Լուկաս Սելարայանն ու Իշխան Գելոյանը։

Այդ փոփոխությունները մասամբ ակտիվացրին Հայաստանի հավաքականի խաղը, ինչի արդյունքում մի շարք գոլային կիսապահեր ունեցանք. աչքի ընկնելուն մեկ անգամ մոտ էր Վարազդատ Հարոյանը, երկու անգամ էլ` Հենրիխ Մխիթարյանը, սակայն վերջիններս վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Ժամանակի ընթացքում ռումինացիները «կոտրեցին» մեր տղաների առավելությունը և 70-րդ կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Յանիս Հաջիի իրացրած տուգանային հարվածից հետո փայլուն սեյվի հեղինակ դարձավ Դավիթ Յուրչենկոն։

Ժամանակն անցնում էր, սակայն մեր հավաքականի տղաներին ոչ մի կերպ չէր հաջողվում պաշարել մրցակցի տուգանային հրապարակը. Ռումինիայի հավաքականը շատ գրագետ էր պաշտպանվում։

Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին. Ռումինիան հաղթեց 1:0 հաշվով։

Այս խմբում կայացավ ևս երկու հանդիպում.

Հյուսիսային Մակեդոնիա 0:4 Գերմանիա

Իսլանդիա 4:0 Լիխտենշտեյն

J խումբը 8-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

Գերմանիա – 21 միավոր

Ռումինիա – 13 միավոր

Հյուսիսային Մակեդոնիա – 12 միավոր

Հայաստան -12 միավոր

Իսլանդիա – 8 միավոր

Լիխտենշտեյն – 1 միավոր

Հավելենք, որ Գերմանիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։