Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ-ի պաշտպանունակության ամրապնդման մասին

89

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «Ինքնապաշտպանություն-2021» ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի պաշտպանության ամրապնդումը ուղղված չէ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Հարավային Կորեայի դեմ:

«Մեր հիմնական նպատակը հենց պատերազմի դեմ լինելն է»,- ՌԻԱ գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ընի խոսքերը: «Ակնհայտ է, որ մենք ամրապնդում ենք մեր պաշտպանունակությունը ոչ այն նպատակով, որ դա ուղղենք Հարավային Կորեայի դեմ», – ընդգծել է նա:

Խնդիրը, ըստ Հյուսիսային Կորեայի առաջնորդի, ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքն է: «Վերջերս ԱՄՆ-ը անընդհատ ազդակներ է տալիս, որ թշնամական չէ մեզ հետ, սակայն չկա իրական պատճառ՝ կարծելու, որ նման թշնամանք չկա»,- ասել է Կիմ Չեն Ընը:

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի պաշտպանունակությունը շարունակելու է ամրապնդվել:

«Փաստն այն է, որ դա պետության գոյատևման հիմքն է, դրա զարգացման գրավականը»,- եզրափակել է Կիմ Չեն Ընը: