Հայաստանի հավաքականն անչափ կարևոր միավորներ կորցրեց Իսլանդիայի դեմ խաղում

62

interfootball.am

Աշխարհի առաջնության որակավորման փուլի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Իսլանդիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեկնարկն անցավ Իսլանդիայի հավաքականի առավելությամբ. վտանգավոր պահերը մեկը մյուսին հաջորդում էին Դավիթ Յուրչենկոյի դարպասի ուղղությամբ։

Բարեբախտավար, մեր տղաները հաջողությամբ պաշտպանվեցին` թույլ չտալով տանտերերը բացել խաղի հաշիվը։

Ժամանակի ընթացքում Հայաստանի հավաքականի տղաները քիչ-քիչ «կոտրեցին» «վիկինգների» առավելությունը. վտանգավոր պահեր սկսեցին ստեղծվել նաև իսլանդացիների դարպասի ուղղությամբ։

Գրոհներից մեկի արդյունքում էլ Խոակին Կապռոսի սաները բացեցին խաղի հաշիվը. 35-րդ րոպեին Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո Կամո Հովհաննիսյանն առաջ մղեց մեր ընտրանուն։

Առաջին խաղակեսի վերջնամասն անցավ հանգիստ պայքարում, ինչի արդյունքում կողմերն ընդմիջման գնացին Հայաստանի հավաքականի նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ մեր տղաները վատ տեսք չունեին և վերահսկում էին խաղի ընթացքը, սակայն 54-րդ րոպեին տանտերերը բավական վտանգավոր գրոհ անցկացրին, սակայն փոխարինման դուրս եկած Իսակ Յոհանենսոնի հարվածից հետո Յուրչենկոն փրկեց մեր թիմին։

58-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Սարգիս Ադամյանը, սակայն անչափ նպաստավոր դիրքից կատարած նրա հարվածից հետո Իսլանդիայի հավաքականին փրկեց եզրային պաշտպան Բիրկիր Սևարսոնը` պառկելով հարվածի տակ։

Երկրորդ խաղակեսի միջնամասն անցավ հավասար պայքարում` առանց իրական գոլային պահերի։

77-րդ րոպեին, ամեն դեպքում, տանտերերին հաջողվեց խփել պատասխան գնդակը. աչքի ընկավ Իսակ-Բերգման Յոհանենսոնը։

Խաղավարտն էլ շատ լարված անցավ, սակայն այս խաղում այլևս գոլեր չտեսանք, որն ավարտվեց 1:1 հաշվով։

Այս խմբում կայացավ ևս երկու հանդիպում.

Լիխտենշտեյն 0:4 Հյուսիսային Մակեդոնիա

Գերմանիա 2:1 Ռումինիա

J խումբը 7-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

Գերմանիա – 18 միավոր

Հյուսիսային Մակեդոնիա – 12 միավոր

Հայաստան – 12 միավոր

Ռումինիա – 10 միավոր

Իսլանդիա – 5 միավոր

Լիխտենշտեյն – 1 միավոր