Հովհաննես Թումանյանի զայրույթը Պերճ Պռոշյանի մահվան առնչությամբ

113

Բանասեր, պատմաբան Խաչատուր Դադայանի ՖԲ էջից, –

Ներքո հոդվածը տպագրվել է 1907-ին, Թիֆլիսի հայ թերթերից մեկում։

————————–

ՎԻՐԱՒՈՐԱԿԱՆ ՅԱՐԳԱՆՔ

 Ասպետական զգացմունքը պակասում է մեր մէջ։ Մեր մարդը սիրում է խեղճութիւնն ու լացը և զարդարւում է նրանցով։ Եթէ ուզում է մէկին էլ յարգանք ցոյց տալ, նրան էլ ճգնում է ցոյց տալ խեղճ ու ողորմելի։ Այս տգեղ յատկութիւնը մեծ չափով հանդէս եկաւ հանգ․ Պռօշեանցի թաղման օրը։

 Բաց գերեզմանի եզերքին աշխատում էին վեր հանել վիպասանի փառքն ու տաղանդը և․․․ մինը գոռում էր, թէ նա ածուխ էր վաճառում, միւսը աղաղակում էր, թէ նա դռնէ դուռն էր ընկած, երրորդը նրա ընտանիքը նմանեցնում էր «ցիգանի ընտանիքի», չորրորդը հաւատացնում էր, թէ նա մերկ էր, հինգերորդը ողբում էր, թէ սոված էր, ի հարկէ, վեցերորդին էլ մնում էր եզրակացնել, որ այդ բոլորից նա մեռաւ․․․

 Ապա լալկանության ու հառաչանքի ողորմուկ ձայնը, սովամահի ու մերկութեան ողբը տարածեցին ամբողջ գրականութեան վրայ․ էլ ապրողների «թշւառ վիճակը», էլ մեռածների «դողդողացող ուրւականները»․․․ այնտեղից էլ մամուլի մէջ՝ «երկու կօպէկը» ձեռքին Րաֆֆին, անկօպէկ Արծրունին․․․

 Ընչի նման է այս․ այս ամեն անգամ բարձրանում է այս կամ այն գրական մարդու դագաղի վրայ – այսքան սուտ և այսքան տգեղ ու վիրաւորական միանգամայն։

 Ես ճանաչում եմ գրեթէ բոլոր հայ գրողներին։ Նրանք ընդհանրապէս ոչ թէ մերկ ու սոված չեն լինում, այլ մինչև անգամ վատ չեն ապրում։ Այո՛ նեղութիւններ են քաշում։

 Բայց ո՞վ չի նեղութիւն քաշում իր մասնաւոր կեանքում։ Զարմանալի կամ զարհուրելի ի՞նչ կայ այստեղ։

 Ահա և Պռօշեանցը։ Մեռաւ։ Ո՞վ է ասում, թէ նա քաղցած էր կամ մերկ։ Ով որ էլ լինի – սուտ է ասում։ Իսկ թէ եղել է այս կամ այն պաշտօնին – ի՞նչ կայ արտասւելի։ Եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապէս ամենասոսկալին՝ մի քանի օրով, ի միջի այլոց, ածուխի առուտուր է սկսել և տեսել է օգուտ չի անում, թողել է։ Այդ հո չի նշանակիլ թէ նա սոված էր կամ տկլոր։ Ուրեմն դուք ինչ կարծիք ունէք էն մարդկանց վրայ, որոնք մի որևէ պաշտօն ունեն կամ մի առուտուր են անում։ Ամենավատ դէպքում Պռօշեանց էլ կամեցել է առուտուր անի։ Ի՞նչ անենք։ Նոյնիսկ էն ժամանակ էլ, երբ և Ներսիսեան դպրոցում ուսուցիչ էր և թոշակ ունէր և յօբելեանից ստացած հազարներն էին ձեռքին նա մի երկու առուտուր փորձեց ու վնասւեց, թողեց։ Այդ մի՞թէ կը նշանակի թէ նա թշւառ էր, մերկ ու քաղցած։ Ոչ, միայն մի ձեռնարկութիւն սխալ ու ձախորդ։

 Ոչ, սոված ու մերկ չեն հայ գրողները։ Եթէ այդպէս էք կարծում, կարող էք հանգիստ լինել։ Դժբախտութիւնն այդ չի, այլ այն, որ գրականութիւնը ապրուստ չի տալիս գրողին, ինչպէս մի երկուսն էլ, ի միջի այլոց, նկատեցին իրենց ճառերում, և գրողն իր եռանդն ու ժամանակը կորցնում է ապրուստի վրայ, ճիշտ այնպէս, ինչպէս առհասարակ մարդիկ, ու չի կարողանում պարապել գրականութեամբ, եթէ պարապում էլ է – ի միջի այլոց։

 Այս արդեն ուրիշ խնդիր է։ Եւ, այո՛, մեծ դժբախտութիւն է մի գրականութեան համար։ Եթէ սրանից էք խօսում – խօսեցէք։ Գրողի ու նրա ընտանիքի համար էլ այստեղ վիրաւորական բան չը կայ։ Ընդհակառակը․ մենք գնահատում ենք գրողի տաղանդն ու չենք ուզում, որ այդ տաղանդը նա տանի ծախի ու մաշի ապրուստի վրայ, այլ կարողանայ տալ մեզ այն, ինչ որ բարձր է ու գեղեցիկ և ինչ որ մենք չունենք։ Մենք ուզում ենք քեզանից ստեղծել մի լաւ գրող մեզ համար, մեր ժողովրդի համար։ Թէկուզ այնպէս, ինչպէս այս ընչին ղրկում ենք համալսարան, որ գայ մեր մէջ մեզ համար լաւ բժիշկ լինի, լաւ ինժեներ, լաւ ուսուցիչ։

 Սրանից էք խօսում – խօսեցէք։ Չէք արել, ցաւում է՞ք – ցավեցէք։ Չէ՞ք ցաւում – այդ էլ ձեր բանն է։

 Բայց վեր կենալ մարդու դագաղի վրայ՝ էլ սոված, էլ տկլոր, էլ ցիգան․․․

 Ամօ՛թ է վերջապէս։

 Չէք կարողանում գրականութիւն ու գրող պահել հերիք չի, այժմ էլ պէտք է խնդրել, որ ճառեր չասէք նրանց վրայ, երբոր մեռնում են։