ԱԱԾ-ում կես տարվա ընթացքում վճարվել է 10 մլրդ դրամ, կամ 21 մլն դոլար աշխատավարձ. Աղվան Վարդանյան

61

«Հայտարարությունը պետք է վերնագիր ունենա, այն է. «ԱԱԾ-ն և տնտեսությունը»,-խորհրդարանական հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես վերնագրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա անդրադարձավ Հարկային ծառայության հրապարակած 2021 թ. հունվար-հուլիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին և նկատեց, որ դրա բարձր հորիզոնականներում մեծաթիվ են պետական կառավարման մարմինները:

Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ ցուցակի 40-րդ տեղում ԱԱԾ-ն է, 41-ում՝ ՊԵԿ-ը, 79-ում՝ Դատական դեպարտամենտը, վարչապետի աշխատակազմը 102-րդն է, Ոստիկանությունը՝ 151-րդը, Ոստիկանության զորքերը՝ 158-րդը, Ճանապարհային ոստիկանությունը՝ 164-րդը Դատախազությունը՝ 182-րդ, իսկ ՊՊԾ-ն՝ 331-րդը:

«Պետական մարմինների վճարածը 95-98 %-ով միայն եկամտահարկն է, ինչը բարձր աշխատավարձերի և մեծ թվակազմի մասին է վկայում»,- հայտնեց պատգամավորը և նկատեց, որ ԱԱԾ-ն այդ ժամանակահատվածում վճարել է 2 մլրդ դրամ եկամտահարկ, այսինքն՝ այնտեղ վճարվել է 10 մլրդ դրամ, կամ 21 մլն դոլար աշխատավարձ:

Հայտնելով, որ մինչև 2019 թ. ԱԱԾ-ն չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում՝ պատգամավորն ասաց. «ԱԱԾ-ն խոշոր հարկատու է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո, այն այդ մարդու իշխանությունը պահելու հենարանն է՝ մյուս ուժային կառույցների հետ միասին և այն պատվաբեր գործ չէ»:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ եթե 1000 խոշոր հարկատուների ցանկում մյուս հայտնված ընկերությունների ցուցանիշները պայմանավորված են շահութահարկ, ակցիզային հարկ և այլ հարկատեսակներով, ապա պետական մարմինները միայն եկամտահարկով են բարձր դիրք գրավում:

Աղվան Վարդանյանը բացատրեց, որ ԱԱԾ-ի վճարած եկամտահարկն ավելի մեծ գումար է, քան «Երևանի կոնյակի գործարան»-ի վճարած բոլոր հարկերը միասին և տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն 40-րդ տեղում է, իսկ Կոնյակի գործարանը՝ 60-րդ, Վիվարո ընկերությունը՝ 279-րդ:

Շեշտելով, որ ոստիկանությունը մինչև 2020 թ-ը չի եղել խոշոր հրակատուների ցանկում՝ Վարդանյանը ենթադրեց, որ նրանց աշխատավարձերը կտրուկ բարձրացել են պատերազմից հետո:

Պատգամավորը տեղեկացրեց, որ խոշոր հարկատուների ցանկում առաջին անգամ հայտնվել է վարչապետի աշխատակազմը:

«Թվային դաժան փաստ է՝ այդ մարդը պետական բյուջեից գումարներն անխնա բաժանում է պետական համակարգում գտնվող յուրայիններին, իր անձնական անվտանգությունն ապահովող մարմիններին, երբ նախկինում ուրիշ բան էր խոստանում»,- ասաց Աղվան Վարդանյանը և հայտնեց, որ այդ թվերը խարան են այս իշխանության վրա, որից ԱԱԾ-ով, ՊՊԾ-ով և Ոստիկանությունով չեն ազատվելու:

Աղբյուր` Panorama.am