Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը. ադրբեջանագետ

103

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ՝ նշելով, որ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի:

«Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ-հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- ասել է Փաշինյանը:

Նա կարևորել է խաղաղության հաստատումը՝ նշելով. «Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ, ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ և վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել է` հակամարտությունն ավարտված է, և Ադրբեջանն արդեն ասել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանազատման և սահմանագծման, 2 երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:

Նա Հայաստանին «հորդորել» է ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև։

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն ասում է՝ երկու երկրների ղեկավարների ելույթները համեմատելի չեն:

«Շռնդալի պատրաստվում ենք խաղաղությանը՝ այն պարագայում, երբ մեր թշնամին ոչ մի խաղաղության մասին չի ուզում խոսել: Ալիևն առաջին անգամը չէ, որ ասում է՝ Արցախի հարցն ինքը փակել է, այնինչ այս հարցը փակելը կամ չփակելը միայն իրենից կախված չէ:

Այո, Էրդողանը Պուտինին փորձում է համոզել, որ այդ էջը փակվի, անընդհատ նոր քարտեզներ են շրջանառության մեջ դնում, որտեղ կամ կան Արցախի սահմանները, կամ կորչում են: Արդեն չգիտեմ, թե այդ քարտեզներից ինչ վիճակում ենք հայտնվում, բայց փաստը մնում է փաստ, որ պետք է ստեղծված իրավիճակին համահունչ գործել:  Չես կարող զոռով խաղաղություն փաթաթել մեկի վզին:

Կարծում եմ՝ ամենակարևոր մեսիջն այն է, որ մենք պետք է այստեղ հասկանանք, որ չի կարելի պայմանավորվել, գնալ խաղաղության այն հարևանի հետ, ով չի ուզում քո այդ խաղաղությունը: Եվ եթե քեզ հասու է այդ ճշմարտությունը, գուցե ինչ-որ շանս գոյություն ունի, իսկ եթե հասու չէ, ապա դա անուղղելի մեծ սխալ կլինի հասարակության, պետականության և ժողովրդի համար»,- նշեց ադրբեջանագետը:

Նա ընդգծեց՝ թշնամի երկրի ղեկավարն ամեն անգամ այցելում է իրենց կողմից օկուպացված Արցախի տարածքներ, սպառնում մնացած մասին՝ ասելով, թե՝ Արցախի հարցը փակեցինք, մնում է Հայաստանի հարցը լուծենք:

«Շարունակում է վերազինվել, ռազմական նոր ենթակառուցվածքներ Արցախում կառուցել՝ ինչի՞ համար, խաղաղությա՞ն: Միլիարդավոր դոլարներ է ծախսում, օդանավակայաններ կառուցում, որոնք կրկնակի նշանակություն ունեն, այսինքն՝ նաև ռազմական են: Ու եթե որոշ մարդկանց համար պարզ չէ, թե ինչի համար են անում, շուտով նորից կհամոզվեն: Ես հույս ունեմ, որ այս պարագայում ողջախոհությունն ի վերջո կհաղթի, և մենք կհասկանանք, որ խաղաղությունն արժանապատիվ կարող է լինել: Եթե դու արժանապատվության մասին մոռացել ես, ապա և՛ պատերազմը կգա, և՛ ավելի ստորացուցիչ պայմաններում կլուծվի այդ հարցը: Ի վերջո, պետք է խոսենք այն լեզվով, որով մեզ կհասկանան, հակառակ դեպքում հետևանքները շատ վատ կարող են լինել:

Ինչքան ուզում է՝ կրկնենք՝ խաղաղություն, այն այդպիսին չի լինում, ուղղակի բոցավառվում է նոր պատերազմ: Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը»,- նկատեց Գրիգորի Այվազյանը:

168.am