Իշխանությունն ափսոսում է սահման պահող զինվորի անվտանգության ու ապահովության համար գումար ծախսել, բայց 2 մլն դոլարանոց՝ բովանդակությամբ անգույն՝ «գունագեղություն» է «պատվիրում»

44

Սոցցանցերում մեր ներկա ժամանակի և երրորդ հանրապետության առաջին տասնամյակի, 90-ականների վերջին շրջանի համադրությունների համատեքստում Վանո Սիրադեղյանի հին հարցազրույցներն էի աչքի անցկացնում՝ տպագրված՝ «Առավոտ» և «Հայք» թերթերում, ուր սպառնալի չափերով արտագաղթին անդրադառնալով Սիրադեղյանը մի կողմից այն փրկություն էր համարել՝ տնտեսական վատ վիճակում գտնվող և մեծ բեռ կրելու անզոր ՀՀ-ի համար, մեկ էլ՝ տվյալ խնդիրը դիտարկել էր հայկական բանակի՝ նվազող զինվորների համատեքստում։

Արտագաղթի ահագնացող չափերի մասին այսօր ահավոր վիճակագրություն ունենք, սակայն առանց դրա էլ՝ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքն ամենօրյա ռեժիմով գուժում է արտագաղթի սարսափելի չափերի մասին։ Բայց ոչ միայն օդանավակայանը։ Փորձեք այցելել անշարժ գույքի առքուվաճառքի հետ կապված ցանկացած կայք կամ՝սոցցանցային համանման խումբ և ուղղակի կսարսափեք Հայաստանի գրեթե բոլոր մարզերն ու բնակավայրերն ընդգրկող հայտարարությունների տեղատարափից։ Մարդիկ, և հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչները եթե արդեն չեն արտագաղթել, ապա՝ ճամպրուկային են։ Վաճառվում է ամեն ինչ՝ հողը, այգիներն ու հանածոները, արտադրական և հասարակական շինությունները, տներն ու բիզնեսները։ Վաճառվում է հեկտարներով, ասես՝ գյուղովի լքում են կամ պատրաստ են լքել Հայաստանը։ Զուգահեռաբար՝ Ապարան համայնքում հողեր ու տներ են գնում անհայտ ազգության մուսուլմանները․․․Ապարանում՝ լեռնադահուկային վազքուղու և կազինոյի մասին՝ կառավարությունը դեռ ամիսներ առաջ է հայտնել․․․

Իհարկե, կարող ենք Պաղեստինի և պաղեստինցիների՝ հանուն հայրենիքի պայքարի օրինակն ի մտի և աչքի առաջ ունենալով համեմատություն կատարել ու ասել՝ տեսեք՝ նրանք, ոնց չեն հոգնում, իսկ դու՞ք՝ ու՞ր եք գնում, հայեր, ու՞մ եք թողնում վիրավոր մեր երկիրը։ Այս համատեքստում, ի դեպ, արդեն մեզնից առավել օտարներն են իրենց զարմանքն արտահայտում արտագաղթող, սեփական պետության խնդիրների լուծումից փախչող և այն ուրիշներից պահանջող հայության մասին։ Այստեղ, ինչ խոսք, ճշմարտություն կա։

Ընդհանրապես, ազգային արժանապատվության դեֆիցիտի օրեր ենք ապրում և այն աստիճանի, որ հաճախ նույնիսկ որքան էլ ուզես խոսել ու աղաղակել, չի ստացվում, լեզուդ անզոր է լինում ․․․ ազգային ամոթից։ Եվ ամենապարադոքսալն այն է, որ հեռանում են բոլոր նրանք, ովքեր 44 -օրյա պատերազմում կրած պարտությունից, ստորագրված անփառունակ պայմանագրերից հետո հաջորդած ընտրություններին գնացին ու ընտրեցին պարտության առաջնորդին և նրա իշխանությանը։ Իրենց ընտրությունը կատարեցին, սակայն հեռանում են՝ իրենց դատարկ թողած հողի մասին առանձնապես չմտածելով․․․

Սիրադեղյանն ասում էր՝ «արտագաղթը հայկական բանակի նվազող զինվորների մասին է գուժում»։ Բայց կա՞ այսօր նման հարց ու հարցադրում թուրքադրբեջանական եղբայրության ամեն կարգի ագրեսիայի դեմ խաղաղության տեքստեր հղող իշխանության համար, որի առաջնորդը խրվել է նշանային ու գունային սիմվոլիզմի մեջ ու հիացած է իր գունագեղ ու թվանշանային հայտնություններով․․․իր իսկ տավտալոգիկ տեքստերով, թե ՝ «հաղթելու համար բնավ պարտադիր չէ հաղթել ուրիշին»․․․

Այլ ժամանակ լիներ, այս ամենն ուղղակի ծիծաղելի կլիներ։ Բայց այսօր․․․Այսօր սա մեր կյանքն է։ Պատերազմը չի ավարտվել, այն սողացող է և ամենօրյա։ Այսինքն, թուրքը եկել մտել է մեր պետության սահմանից ներս, անում է՝ ինչ ուզում է և մնում անպատասխան։ Պատասխանող տղերքը անազատության մեջ են իշխանության կամոք, իսկ պետականորեն՝ պատասխան չի տրվում թշնամու ոչ մի քայլին։ Երկաթը տաք-տաք ծեծելու մտայնությամբ և մանավանդ, պարտված իշխանության անմիջական թողտվությամբ՝ մեր հողը մտան ու դուրս չեկան, տնավորվեցին-տեղավորվեցին, ամրակայվեցին։ Իսկ մե՞նք։

Ոմանց՝ Հայաստանում կծառայեն մեր զինվորները՝ փորձանքից հեռու, թյուրըմբռնումը հենց սկզբից հայտնի դարձավ, երբ ուղղակիորեն տեսանք ու զգացինք, որ մեր զինվորները նույնիսկ մի նորմալ կացարան-զորանոց չունեն, կահավորված խրամատ ու ամրություն չունեն։ Իսկ այս ամենը եթե դիտարկում ես իշխանության՝ ՀՀ բարձունքներն ու ջրային ավազանները՝ հեշտորեն թուրքերին զիջելու համատեքստում, դժվար չէ հասկանալը, թե ինչպիսի՞ն է իշխանությունների վարած՝ պաշտպանական և անվտանգային քաղաքականությունը։ Տարիներ առաջ՝ քառօրյայից հետո կառավարությունն անմիջապես լծվեց վնասված մարտական դիրքերը ամրակայելու գործին։ Բազմաթիվ շինարարական կազմակերպություններ անսալով կառավարության համապատասխան մարմինների կոչին՝ ուղղակի իրենց պարտքը համարեցին կանգնել պաշտպանության բանակի և զինվորի կողքին։ Իսկ հիմա՞․․․ Ակնհայտ է, որ ոչինչ չի արվել ու չի արվում։ Իշխանությունն ափսոսում է սահման պահող զինվորի անվտանգության ու ապահովության համար գումար ծախսել, բայց, տես՝ երկու միլիոն դոլարանոց անսիրտ, անհոգի, անալի, բովանդակությամբ անգույն՝ գունագեղություն է «պատվիրում»։

Վանո Սիրադեղյանի՝ էս անգամ՝ «Հայքի» հարցազրույցից մեջբերումը նույնպես ուշագրավ է։ Ասում է՝ «Ճաշակի օրենսդիր պիտի լինի և՛ նախագահը, և՛ ներքին գործոց նախարարը, էլ չեմ ասում վարչապետը»։ Դե իհարկե, մեր դեպքում երեքն էլ ճաշակի օրենսդիրներ են, իսկ երրորդը ուղղակի ճաշակ թելադրող է այսօր, հատկապես՝ իր գունագեղությունից անդին գտնվողներին պատերին ծեփելու, ասֆալտին փռելու, վրեժ լուծելու․․․ և ընդհանրապես, նույն կերպ՝ բոլոր իրավիճակներում և հարաբերություններում՝ արտաքին, ներքին, մշակութային․․․

Դեկորացիա, դեկորներ, դեկորատիվ․․․ երեկ անցնում էի հրապարակով, և ո՜վ զարմանք, սովետների առաջնորդի տեղում ինչ-որ աստիճանաձև պատվարի վրա տեղադրված՝ երկար ու բարակ ծառաշարքեր տեսա, որի հետևում, հաստատ, տեղակայվել էին ոստիկանական մի քանի շարքեր․․․

Անկախության տոնի օրը՝ դեկորատիվ իշխանության վախ ու սարսափներից․․․

Հեղինակ՝ Ա․Ե․

Աղբյուր` Փաստինֆո