Ինձ թվում է՝ Հայաստանի ղեկավարությունն իրեն պետք է հարց տա, թե ինչո՞ւ է 80-90 տոկոս բնակչություն ունեցող ասորական գյուղը դարձել 30 տոկոս. Իրինա Գասպարյան

59

«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության համաձայն՝ ՀՀ-ն կարևորում է համամարդկային և ազգային արժեքների, ազգային ավանդույթների պահպանումն ու վերարտադրությունը, զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Սա միայն ազգությամբ հայերի՞ն է վերաբերում։ Սա համահունչ չէ համայնքների խոշորացման սկզբունքներին։

Ազգային փոքրամասնության շահերի պահպանման կետ չկա, դուք անտեսել եք, ոտնահարել եք ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Խոսքն Արտաշատի և Մեծամորի փնջերի ասորական երկու գյուղերի մասին է, որոնք խոշորացման հետևանքով ոչնչացման եզրին են»,- ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ, սեպտեմբերի 22-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին ասել է Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ, «Հայաստանի ասորական ֆեդերացիայի» նախագահ Իրինա Գասպարյանը:

Նրա փոխանցմամբ՝ ասորական համայնքի ներկայացուցիչները նաև խորհրդարանի մոտ են ցույց անցկացրել:

«Հայաստանում ասորական Դիմիտրով գյուղի՝ որպես առանձին համայնքի լուծարումը կարող է վտանգել գյուղի բնակիչների լեզվի և մշակույթի պահպանումը։ Դիմիտրով գյուղը կենտրոնում է, շուրջը լրիվ հայկական գյուղեր են, իրենք այդ ամենը ուզում են միավորել, սակայն Դիմիտրովը կվերանա՝ որպես վարչական կենտրոն: Հիմա, երբ մտնում ենք գյուղապետարան, այնտեղ բոլորը խոսում են ասորերեն, մեկը մյուսին ճանաչում է, մտնում ես ներս՝ ամեն ինչ հասկանալի է լինում, բացատրել պետք չէ, իսկ հիմա պատկերացրեք՝ միավորեցին, գյուղացին խնդիր ունեցավ, ինքը պետք է գնա անծանոթ մարդու մոտ, նա էլ, հարց է՝ կհասկանա՞, թե՞ չի հասկանա:

Կա նաև աշխատանքի խնդիր: Հատկապես ասորիները ռուսախոս են ու ինչո՞ւ են սկսել գյուղերից դատարկվել, որովհետև այստեղ աշխատանք չէին կարողանում գտնել: 7 ավագանու անդամ ունենք, բոլորն էլ հայ են: Մեր ասորական դպրոցում մենակ մի ասորի է աշխատում, որն ասորերեն է դասավանդում: 1990-ական թվականներին 80-90 տոկոս բնակչություն ունեցող ասորական գյուղը, որը հիմա դարձել է 30 տոկոս, ինձ թվում է՝ Հայաստանի ղեկավարությունն իրեն պետք է հարց տա, թե ինչու է այդպես: Բացի դա, եթե 38 հայկական գյուղ ուզում են միավորել մեկ ասորական գյուղի հետ, պա՞րզ է, որ տոկոսը կընկնի: Վաղը մեկ ուրիշը կգա, կասի՝ մեկ տոկոս ասորի է, ոչ դպրոց է պետք պահել, ոչ մասնագետ, ի՞նչ ազգային հարցեր»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստանի ասորական ֆեդերացիայի» նախագահը՝ հույս հայտնելով, որ քննարկումների ընթացքում ճիշտ որոշում կկայացվի:

168.am