Բնակիչների շրջանում անհանգստություն կա. պետք է ցանկացած պարագայում խուսափել Որոտանի ճանապարհը ադրբեջանական համարելու ձեւակերպումներից. Գևորգ Փարսյան

58

Բնակիչների շրջանում անհանգստություն կա, Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկությունը նվազել է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Նրա հաղորդմամբ՝ իրավիճակը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում անփոփոխ է, ադրբեջանական անցակետը շարունակում է տեղադրված մնալ, իսկ հայկական մեքենաները ճանապարհի այդ հատվածն անցնում են շարասյունով՝ ռուս սահմանապահների և ՀՀ ԱԱԾ-ի ուղեկցությամբ:

Նիկոլ Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե ճանապարհի այն հատվածը, որտեղ ադրբեջանցիներն ապօրինի տեղակայվել են, ըստ ԽՍՀՄ քարտեզի, ադրբեջանական տարածքներ են:

Սա ինչ հետևանքներ կունենա՞ և արդյո՞ք նման հայտարարություններով իշխանությունները չեն լեգիտիմացնում հակառակորդի սադրիչ քայլերը, Գևորգ Փարսյանը պատասխանեց, որ նման կերպ ՀՀ իշխանություններն ուզում են իրենց անզորությունն արդարացնել.

«Քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ չեն տարվել, իմ կարծիքով, պետք է ցանկացած պարագայում խուսափել նման ձեւակերպումներից, չպետք է ասել, թե այդ տարածքներն ադրբեջանական են»,-ասաց Փարսյանը:

Հիշեցնենք, որ դեռևս օրեր առաջ քասախի երկու բնակիչ անհետացել էին Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելիս:

Ըստ ՀՀ ԱԱԾ հաղորդման՝ քասախցիները շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, թեև այդ ճանապարհն ուղիղ ճանապարհ է և շեղվելու տարբերակ չկար, ուստի ամենայն հավանականությամբ ՀՀ բնակիչներն առևանգվել էին ադրբեջանցիների կողմից:

Անդրադառնալով միջադեպին՝ Կապանի քաղաքապետն ասաց.

«Իմ իմացած տեղեկություններով՝ նրանք դիտավորյալ շարժվում էին դեպի Որոտանի գետի ափը, որքան ինձ են ներկայացրել՝ հանգստանալու նպատակով: Իրենք ավելի կոնկրետ կպատասխանեն՝ ի՞նչ նպատակով են այդ ուղղությամբ շարժվել:Այնտեղ մի ճանապարհ կա՝ դա մայրուղին է, պարզապես շեղվել հնարավոր չէ, եթե դա այլ դիտավորություն իր մեջ չի պարունակում»,-ասաց Փարսյանը:

Աղբյուր` Փաստինֆո