Առողջապահության նախարարի հրամանը չկատարելու դեպքում գործատուն չի կարող ազատել աշխատակցին. նախարարի հրամանը վիճարկելու ենք․ Զոհրաբյան

126

Փաստաբանների և բժիշկների մասնակցությամբ ստեղծվել է «Ազատ կամք» նախաձեռնությունը, որը պնդում չի կատարում պատվաստվել կամ չպատվաստվել, այլ ընդգծում է, որ պատվաստվելը պետք է լինի յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկումների ժամանակ Առողջապահության նախարարը, ըստ Զոհրաբյանի, չպատասխանեց մի շարք հարցերի, որոնց մի մասը հղել էին նաև բժիշկները։ Զոհրաբյանը արձանագրեց՝ հանրութան մոտ կա վստահության պակաս՝ պավաստանյութերի վերաբերյալ։

«Մի շարք երկրներ չեն ընդունում մյուսների պատվաստանյութերը։ Դա նշանակում է, պետք է զգուշանանք։ Երկրորդ՝ քաղաքականության կամ բիզնես շահերն են ու հարց է ծագում՝ արդյոք մենք չենք հանդիսանում բիզնես շահերի սպասարկման օբյեկտ։ Եթե պատվաստանյութը պատշաճ կլինիկական փորձարկում չի անցել՝ ստացվում է մենք փորձաքննության օբյեկտ ենք։ Սա արդեն սահմանադրությամբ արգելված է»։

Զոհրաբյանն անդրադարձավ որոշմանը, որով հոկտեմբերի մեկից աշխատակիցները պետք է կամ պատվաստվեն, կամ ՊՇՌ թեստ հանձնեն։

Զոհրաբյանը նշում է՝ երկուսից էլ քաղաքացին հրաժարվելու իրավունք ունի, սակայն ըստ որոշման, քաղաքացիները այդ կերպ չեն կարող աշխատել։

Կա նաև մեկ այլ մտահոգություն՝ պատվաստված քաղաքացիները ևս կարող են վարակվել։

Զոհրաբյանը նշեց՝ որպես գործատու էլ ուսումնասիրել է հարցը, իսկ աշխատանքային օրենսգրքով նշված օրենքով նման դեպքեր գոյություն չունեն, երբ աշխատակցին չթույլատրեն ներկայանալ, եթե չի պատվաստվել, բացի այդ դա խտրական մոտեցում է, քանի որ պատվաստված մարդը նույնպես կարող է վարակվել և վարակը փոխանցել։

«Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքի չի թույլատրվում ներկայանալ ալկոհոլ, թմրանյութ օգտագործած անձանց, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Սակայն որևէ օրենքով նախատեսված չէ, որ եթե անձը չի կատարում առողջապահության նախարարի պահանջը, ապա նրան չպետք է թույլատրել աշխատանքի ներկայանալ: Չկա նման դեպք»,-նշեց փաստաբանը:

Գործատուին օրինակ, ըստ Զոհրաբյանի, կարող են տուգանել այն դեպքում, երբ գրանցամատյանում գրառում չեն կատարի։

Զոհրաբյանը հայտարարեց՝ այն աշխատակիցները, որոնք կտուժեն ու որոնց նկատմամբ վարչական ակտեր կկիրառվեն, նախաձեռնության փաստաբանները պատրաստ են անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ։ Աշխատողներն առանց թեստի կարող են ներկայանալ, իսկ գործատուները հիմա լուրջ խնդիրներ ունեն։

Արա Զոհրաբյանը հավելեց, որ հայց են նախապատարաստում վարչական դատարան՝ Առողջապահության նախարարի հրամանը վիճարկելու են, փորձելու են մասնագետների միջոցով հանրությանը իրազեկել, նաև իրականացնելու են մասնավոր իրավունքների պաշտպանություն։

Աղբյուր` Փաստինֆո