ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք դեռ երկար ենք մղկտալու նրա բացակայությունից»․ կայացավ պ․գ․դ․, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի գրքի շնորհանդեսը

90

Ընթերցողի սեղանին դրվեց եւս մեկ արժեքավոր աշխատություն․ կայացավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» գրքի շնորհանդեսը: Մենագրությունը նվիրված է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման եւ զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերի, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։

Աշխատության մեջ ներկայացված են ինչպես բնիկ հայաստանյան, այնպես էլ օտար երկրներում ստեղծված եւ մեր նախնիների կողմից ներմուծած ու կիրառված գրահամակարգերը՝ իրենց գրային հուշարձաններով։ Աշխատության առանձին գլուխներ նվիրված են Հայաստանի տարածքում օտարների թողած արձանագրություններին, առեղծվածային ծագումով ու անհայտ նշանակության գրավոր հուշարձաններին, ինչպես նաեւ ի մի են բերված Հայաստանում գտնված տեղական եւ օտար ծագում ունեցող արձանագրությունների մասին տեղեկությունները։

«Տխուր է այն փաստը, որ նա մեզ հետ չէ, մարդ, որը հսկայական գործ արեց իր հայրենիքի համար։ Քիչ գիտնականներ ունենք, որոնց կբնորոշեի՝ մեծատառով մարդ, քաղաքացի եւ հայ անձնավորություն, տղամարդ, ընտանիքի հայր, մեծ վաստակաշատ գիտնական»,- Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսպես Մովսիսյանին բնորոշեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

Կարեւորելով աշխատության լույսընծայումը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը շեշտեց, որ գիրքը վերջին շրջանի պատմագիտական լավագույն ուսումասիրություններից է՝ իր բովանդակությամբ։ Սուվարյանի խոսքով՝ Արտակ Մովսիսյանը աչքի էր ընկնում համարձակ հարցադրումներով, հայոց պատմության խնդիրների նորովի լուսաբանմամբ։ «Իր համարձակ մոտեցումներով, խոր ուսումնասիրություններով կարողացել է բացահայտել երեւույթներ, որոնք շատ լուրջ հետք են թողել հայ պատմագիտության մեջ, նոր գաղափարներ, որոնք հաճախ նաեւ դարձել են բանավեճի առարկա, իսկ իրական գիտությունը հենց բանավեճի մեջ է ծնվում։ Այդ առումով՝ Մովսիսյանի ուսումնասիրությունները աչքի են ընկել նորովիությամբ, համարձակությամբ եւ նոր խոսք են գիտության մեջ»,- ասաց Սուվարյանը։

«Արտակ Մովսիսյանի մասին շատ դժվար է խոսել։ Նա, իրերի բերումով, միացավ մեր նահատակ տղաներին, որոնք Արցախյան պատերազմում իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար։ Արտակ Մովսիսյանը եւս ընկավ մարտի դաշտում, որովհետեւ ամբողջ իր կյանքի ընթացքում մարտի մեջ էր, որը նա հաղթեց եւ թերահավատ, մի քիչ էլ չար մարդկանց ապացուցեց, որ ճիշտ է։ Նա հայոց պատմության մեջ էր, հայոց պատմության հետ էր եւ այն վերադարձնում էր սերունդներին»,-նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելիքյանը՝ շեշտելով՝ Արտակը ժամանակի ընթացքում մեր պատմագիտության բազմաթիվ բացեր լրացրեց։ «Մենք դեռ երկար ժամանակ մղկտալու ենք նրա բացականությունից։ Մղկտալու ենք, որովհետեւ Արտակի տեսակը այսօր մեզ շատ է պետք»,- հավելեց նա։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Աշոտ Մինասյանն ընդգծեց՝ մենք գործ ունենք մի անհատի աշխատության հետ, որը կատարյալ ստեղծագործական վարպետությամբ նորություն բերեց հայ պատմագրության մեջ։ «Մարդ-անձնավորություն, որը քաղաքացիություն տվեց իր տեսակետներին՝ դասագրքերով, հայ ժողովրդի ծագման, հայոց պետականության ծագումը հասցնելով երրորդ հազարամյակ։ Նրա աշխատությունների անմիջական լրացման եւ ամփոփման լավագույն արտահայտությունը այս հրատարակված աշխատությունն է»,- ասաց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան