Շատերի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի. Գրիգորի Տրոֆիմչուկ

159

168.am-ի զրուցակիցն է տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

– Երրորդ տարին է, ինչ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, բազմաթիվ քաղաքական հայտարարությունների, զարգացումների, քայլերի և ամենակարևորը՝ ծանր հետևանքներով 44-օրյա պատերազմի ականատեսն ենք դարձել: Ներկայումս ինչպիսի՞ն է Ձեզ թվում Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական դերը:

– Այս երեքից ավելի տարիների ընթացքում շատերի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի: Հայաստանն այս ընթացքում չսկսեց շարժվել բարգավաճման ուղղությամբ, չեն ապաակտիվացվել, այսպես կոչված, անցյալի կոռումպացված անձինք։ Ավելին, երկիրը հետզհետե զիջում է իր դիրքերը պարզապես աշխարհագրական տեսանկյունից: Եթե այս ամենը կարելի է անվանել «հեղափոխություն», ապա միայն մինուս նշանով: Իրականում մենք տեսնում ենք բացարձակ այլ բան՝ Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ և տարածաշրջանում ընդհանուր առմամբ քաոսի կտրուկ խորացում: Վարչապետին հենց դա է հաջողվում ամենից շատ: Իսկ եթե անձամբ նրան իրերի նման դրությունը լիովին ձեռնտու է, ապա երևի թե հենց դա էլ նրա գլխավոր նպատակն էր:

Այսպիսով, ինչ ունենք այստեղ ընդհանուր առմամբ և Հայաստանում մասնավորապես՝ Ադրբեջանի հետ պատերազմը ակնհայտորեն ավարտված չէ, նրա բանակը պատրաստ է ավելի շատ առաջ գնալ, որքան դա հնարավոր է, Ղարաբաղի բեկորը գտնվում է անհասկանալի իրավիճակում և պահպանվում է միայն ռուս խաղաղապահներով, որոնց սկսում են, բառիս բուն իմաստով, տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, լրջորեն անհանգստացել է Իրանը, անկայունության գործընթացին միացել է Վրաստանը, որի դերը դեռ լիովին հասկանալի չէ, Թուրքիայի նախագահ Էրդողանն ըստ էության առաջարկում է սեփական ծառայությունները իրավիճակի կարգավորման համար: Եվ սա 2018 թվականի գարնանից սկսած կարճ ժամանակահատվածում տեղի ունեցածի ողջ ցանկը չէ: Սակայն ՀՀ վարչապետի դեմքին տիրում է միևնույն ժպիտը, որը խոսում է ամենի մասին: Երևում է, նրա գրպանում նաև այլ, ավելի ծանր հաղթաթղթեր կան:

– Պատերազմից հետո՝ հատկապես վերջերս, նոր փուլ է սկսվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով առաջարկել է հանդիպել: Կարելի՞ է ասել, որ Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության ուղեծրից, թե՞ սա Մոսկվայի հետ համաձայնեցված բնույթ է կրում, գուցե պատահական չէ, որ Լավրովը կարծում է, որ տրամաբանական կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումը:

– Հայաստանը դեռ դուրս չի գալիս Մոսկվայի ազդեցության ուղեծրից, սակայն Նիկոլ Փաշինյանն ամենատարբեր եղանակներով հասկացնում է, որ դա հնարավոր է ցանկացած պահի: Նրա փորձերը՝ օգտագործել վրացական գործոնը, խոսում են այն մասին, որ նա փորձարկում է նաև այլ տարբերակներ: Վրաստանն ակնհայտորեն կապված է ԱՄՆ-ի հետ, և դա շատ բանի մասին է խոսում, եթե ոչ՝ ամենի:

Ի դեպ, ես դեռ 2018 թվականի գարնանն էի նշել վրացական գործոնի մասին, երբ ադրբեջանական կողմը պնդում էր, թե Հայաստանն իբրև թե հուսալիորեն գտնվում է իր տարածաշրջանային ծուղակում: Եվ հիմա մենք տեսնում ենք ինքնին Թուրքիայի ակտիվությունը, որը, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո գրեթե առաջին անգամ դուրս է եկել ստվերից: Թուրքիան նույն ՆԱՏՕ-ն է, ուստի Փաշինյանի շարժումները լիովին հասկանալի են: Փաշինյանին հասկացնում են, որ իր բոլոր խնդիրները կլուծվեն, եթե նա հեռավորություն պահպանի Ռուսաստանից:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այդ փաստում ինքնին որևէ սենսացիա չկա: Չէ՞ որ մենք հիշում ենք, որ դեռ մի քանի տարի առաջ Թուրքիան և Հայաստանը հասան նույնիսկ կոնկրետ արձանագրությունների համաձայնեցման, այդ թվում՝ սահմանի բացման կետը, և այդ ամենը՝ «Կովկասյան հարթակ» թուրքական պրոյեկտի շրջանակում: Սակայն 2014 թվականը շատ բան փոխեց, եթե ոչ՝ ամեն ինչ: Եվ Թուրքիայի դիրքերը փոխվեցին արմատական կերպով, այդ թվում՝ Ռուսաստանի հանդեպ, թեև ինքնին Էրդողանը դա դեռ նախընտրում է հրապարակային չցուցադրել: Բայց գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիան իրեն ներկայումս զգում է Ռուսաստանին հավասար առանցքային պարամետրերով, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ինչը նախկինում հնարավոր չէր պատկերացնել, հատկապես ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Բայց այսօր տոնայնությունը փոխվում է, և ոչ թե՝ ԽՍՀՄ-ը, այլ՝ Թուրքիան է ընդլայնում իր ազդեցությունը սովետական տարածքների նկատմամբ: Ժամանակը հետ է գնացել:

Ուստի Թուրքիան պատրաստ է Հայաստանին դուրս հանել Ռուսաստանի ազդեցության տիրույթից՝ զգալով, որ այստեղ ևս անհնար ոչինչ չկա: Սա Ղարաբաղում իրավիճակի վրա ազդելու եղանակներից մեկն է: Դրանցից վերջինը, եթե ոչինչ չհաջողվի, Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելն է:

– Հաշվի առնելով Ձեր վերոնշյալ բոլոր թեզերն Էրդողանի, Փաշինյանի քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև՝ ՌԴ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպե՞ս է Ռուսաստանը դիրքավորվելու Հայաստանում, և ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, լինելու ՌԴ տարածաշրջանային քաղաքականությունը:

– Ռուսաստանն այստեղ անում է այն ամենը, ինչ կարող է: Հիշեցնեմ, որ ողջ աշխարհում Ռուսաստանն ունի բազմաթիվ ամենատարբեր ու ոչ պարզ պարտավորություններ, որոնք նա ստիպված է իրականացնել՝ թույլ չտալով, որպեսզի իրավիճակը վերաճի պատերազմի: Իսկ ռուսական ֆինանսներն անսահմանափակ չեն: Ուստի ՀՀ ղեկավարությունը մեծապես սխալ է վարվում՝ ներկայացնելով Մոսկվային չհիմնավորված դժգոհություններ:

Ի վերջո, եթե չլիներ Ռուսաստանը, ապա ադրբեջանական բանակը կանգնած կլիներ Երևանի պատերի տակ: Իսկ հայկական զորքերի, հրթիռների և այլ բաների հարվածները Ադրբեջանի տարածքում միայն կարագացնեին իրադարձությունների նման զարգացումը: Չհաշված այն, որ Թուրքիան ևս կարող էր իր կողմից ներխուժել Հայաստանի տարածք: Ուստի ժամանակն է սթափ դիտարկել իրավիճակը:

Հարկ է կրկնել այն, ինչի մասին ես հաճախ ասում եմ՝ Ռուսաստանին Հարավային Կովկասում պատերազմ՝ իր կողքին, պետք չէ որևէ պարագայում: Ինչ էլ որ չասեն որոշ հայ մեկնաբաններ՝ համարելով, որ Ռուսաստանը խաղում է թուրքերի կողմից: Ռուսաստանը չի կարող լինել ոչ այս, ոչ մյուս կողմում, քանի որ անհավասարակշռությունը դեպի հայկական կամ ադրբեջանական կողմ  նրան կներքաշի պատերազմի մեջ: Բայց Հայաստանին էլ հանձնել նա չի կարող: Եվ նույնիսկ ոչ այդ երկրի նկատմամբ մեծ սիրո պատճառով, այլ աշխարհաքաղաքական սխեմաների պատճառով: Ուստի ներկայումս ՌԴ-ն ամենահնարավորն անում է: Նրանից ավելին պահանջելը նույնն է, ինչ տարածաշրջանը հարյուրամյա պատերազմի մեջ ներքաշելը:

– ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ անհրաժեշտ է աշխատել տարածաշրջանում բոլոր ուղղություններով ապաշրջափակման ուղղությամբ: Ներկայումս դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ի՞նչ գնով:

– Հայաստանը, որպես այդպիսին, տարածաշրջանում ողջ տարանցիկ-տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման կարիք ունի, այստեղ քննարկելու բան չկա: Բայց գլխավոր խնդիրն այն է, որ գործնականում դա դժվար թե հնարավոր լինի՝ առանց հայկական տարածքը գոտիների, կտորների կամ որոշ մասերի բաժանելու: Ի վերջո, այս բոլոր կտրվածքներն անցնելու են նրա հողի վրայով: Ի դեպ, հետագայում ավելի հեշտ կլինի այդ գոտիներն օտարելը: Բայց այստեղ անելիք չկա, քանի որ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը և նրա ետևում կանգնած Թուրքիան հաղթեցին աշնանային պատերազմում: Իսկ հաղթողը, ինչպես հայտնի է պատմությունից, սովորաբար թելադրում է իր պայմանները: Եթե Հայաստանը չգնա սեփական տարածքները բոլոր միջանցքների համար տրամադրմանը, ապա պատերազմի շարունակությունն անխուսափելի է և արդեն բոլորի համար ավելի ծանր հետևանքներով: Ռուսաստանը ցանկացած պարագայում չի թողնի Հայաստանին, եթե նույնիսկ ոչ միշտ է կարողանում ինչ–որ բան ուղիղ ասել Բաքվին կամ Անկարային: Եթե Ռուսաստանը թողնի Հայաստանին, աշխարհը գլխիվայր շուռ կգա, էլ չասած Հարավային Կովկասը:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ապաշրջափակելու անհրաժեշտության մասին խոսել այն, ինչ հնարավոր է՝ ծանոթ ոճով. «Այո, պետք է, կմտածենք, կտեսնենք», և այլն: Բայց Ադրբեջանն այլևս չի սպասի, և դա գործնականում ցույց է տալիս բոլոր հնարավոր, մինչ այժմ՝ ոչ ռազմական մեթոդներով:

Հետևաբար, թող Մհեր Գրիգորյանը հայ երեխաների փոխարեն նստի միկրոավտոբուս և անցնի Գորիս-Կապան ավտոճանապարհով: Թող այժմ նախարարներն ուղեկցեն բոլոր փոխադրումներն այս երթուղով։ Գուցե այդպես թեկուզ ինչ-որ բան տեղից շարժվի:

168.am