Ստեղծված իրավիճակի պատճառով իրանցի վարորդներին ֆինանսական ծախսեր են պարտադրվում. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն

55

ՀՀ Սյունիքի մարզի Որոտանի հատվածում իրավիճակը շարունակում է մնալ չհանգուցալուծված. իրանական բեռնատարների վարորդներն օրերս անգամ սպառնում էին փակել Գորիս-Կապան ճանապարհը, քանի որ ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել էին իրանական երկու բեռնատարի վարորդների։

168.am-ը սեպտեմբերի 17-ին  ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր՝ ի՞նչ դիրքորոշում ունեն Ադրբեջանի կողմից Որոտանի հատվածում իրանական պետհամարանիշերով մեքենաների տեղաշարժի սահմանափակման փաստի վերաբերյալ և ի՞նչ լուծումներ են ակնկալում, արդյո՞ք դեսպանատունն այս խնդրի մասին մտահոգություններ և հարցումներ է ստանում Իրանի քաղաքացիներից, արդյո՞ք իրանական կողմը բանակցություններ վարում է հարցի առնչությամբ Ադրբեջանի հետ։

Նաև հետաքրքրվել էինք, թե դեսպանն ինչ դիտարկումներ ունի Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ ադրբեջանական ոստիկանության գործողությունները միտված են իրանական կողմին:

Իրանի դեսպանությունից այսօր ստացանք պարզաբանում, որում նախ հաստատում էին Ադրբեջանի իշխանությունների կողմից  սեպտեմբերի 15-ին  երկու իրանցի վարորդների ձերբակալման լուրերը, ապա վստահեցնում՝ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը  հետամուտ է լինում վերջիններիս վիճակին:

«Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է, որ իր  քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- նշված է Հայաստանում Իրանի դեսպանատան պատասխանում:

Անդրադառնալով առհասարակ Որոտանի հատվածում իրավիճակին՝ դեսպանատնից փոխանցում են. «Կիրակի, սեպտեմբերի 12-ից  ի վեր՝ ստեղծված իրավիճակի պատճառով  ֆինանսական ծախսեր են պարտադրվում իրանցի վարորդներին, և դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը:

Տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու մարմիններն այս խնդրին հետամուտ լինելու նպատակով կապ են հաստատել բոլոր կողմերի հետ: Հարցին հետամուտ լինելու գործընթացը շարունակվում է՝ նպատակ ունենալով կանխել Իրանի և Հայաստանի միջև առևտրի խափանումները, ապահովել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նվազեցնել փոխադրումների  խնդիրները, ինչպես նաև  այլընտրանքային ուղիների հասանելիությունը Հայաստանի տարածքում:

Հուսով ենք, իրանական և հայկական կողմերի ընթացիկ ջանքերի շնորհիվ այդ նպատակները հնարավորինս արագ կիրականացվեն և ապահովելով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների դրական ընթացքի շարունակականությունը՝ կկանխվի տնտեսվարողներին  և  քաղաքացիներին պարտադրվող ծախսերը»:

Աղբյուրը՝  168.am