Իմիտացիա կամ ինքնախաբեությամբ մոլորված

188

Հարց։

-Ինչո՞ւ այս աստիճանի անտարբեր, նույնիսկ տխուր եմ անկախության 30- ամյա տոնին։ Այն տոնին, որի հռչակման օրը անասելի հրճվանք էի ապրում, ոնց որ կուպրե կաղապարի միջից դուրս թռած թռչունը ճախրանքի մեջ։

Հիմա հետահայաց հասկանում եմ, որ դա մոգական այն քիչ բառերից է, որ ուղղակիորեն դիպչում է հոգուն, դա զուտ երանելի զգացում կամ ցանկություն չէ, այլ ի բնե, ի ծնե ամենաբնական վիճակն է մարդու, որ խլված է նրանից իր իսկ մեղքով․ սա իհարկե, մտորումների «ժանրից» է, այսպես ասած փիլիսոփայորեն եթե նայենք։ Մեծ հաշվով անկախությունը բաղձալի գաղափար է, թե՛ անհատի, թե՛ պետության պարագայում հարաբերական վիճակ։

Իսկ ինչո՞ւ մեր պետության անկախությունը, որի համար բավական երկար պայքարեցինք, այսպես անփութորեն նետվեց այս երեսնամյա ճանապարհին ինչպես հնամաշ, անարժեք լաթ։ Ինչո՞ւ անցանք մի ճանապարհ, որ հասցրեց մեզ ներկայիս անմխիթար հանգրվանին, ինչո՞ւ այսքան անորակ ապրեցինք, որ այսօր Եռաբլուրի դեռ թարմ շիրիմներից պիտի իջնենք գլխիկոր, բայց Հանրապետության հրապարակում մի քանի ժամ անց փայլփլուն լույսերի տակ հրճվենք ու դեռ թռկոտենք, ոստիկանական նույն բռի մահակի տակից տուժած հայ կին լինի այսօր հիվանդանոցում, ինչո՞ւ երկու ոտքից հաշմված պատերազմի մասնակիցը պիտի մուրա պետական հոգածություն ՝ փրկելու հիվանդությունից վտանգվող ձեռքերը․․․ու չստանա։

Հիմա բաց է ամեն բան, ու բարեբախտորեն կան մարդիկ, ովքեր ճշմարտություն են խոսում․ ցավն այն է, որ կիսագրագետ ու կարծրացած ուղեղով մարդիկ չեն կարողանում ընկալել, որովհետեւ շատ են կեղծ ապուր կերել, իրականը չեն մարսում։ Կեղծ, կիսատ անկախությունը կիսաճշմարտության նման ավելի վտանգավոր է։ Այս տարիներին մեզ կերակրում էին կիսաճշմարտություններով՝ կիսաճշմարիտ պատմությամբ, կեղծ, սնամեջ հայրենասիրությամբ, ստի մի այլ տեսակով, ինչ նախորդ շրջանում. ու սա կարմիր երկրի գաղափարախոսության մեկ այլ աստառն է։ Հետեւանքը՝ արագ կերպարանափոխվող հասարակությունն էր՝ մաշվող մարդկային հարաբերություններով, կատարյալ բարոյազրկումը, սեփական երկրի հանդեպ քամահրանքը, անխնա թալանն ու սուտը։ Ուրեմն դա իրական չէր, դա մեր անկախությունը չէր, դա կեղծ անկախություն էր։ Չի եղել բացախոսություն, գրագիտություն, ճշմարտություն, ազնվություն, ուստի չի դաստիարակվել քաղաքացի, երկրի հանդեպ վերաբերմունք չի ձեւավորվել, եւ հենց ամենամեծ արտագաղթն էլ անկախությունից անմիջապես հետո եղավ․ որովհետեւ դռները բացվեցի՞ն։ Փոխարենը կար ու հիմա էլ շարունակվում են ճոռոմ խոսքերի տարափը, օդ նետված պաթետիկ խոսքերը՝ փայլեցված, անտեղի, անհիմն, իրականությունից կտրված գովերգումները, ոնց որ հյուծախտավոր մարմնին կամ խրտվիլակին շքեղ զգեստ հագցնես՝ եղածը թաքցնելու։ Ինքնախաբեությամբ բավական չէ իրենք զբաղված են, դեռ ուրիշներին են մոլորեցնում։

Այս երեսնամյակի առիթով շատերն են գրառումներ անում․ ես առանձնացրեցի մեկը՝ Միքայել Նահապետյանի գրության հատկապես առաջին տողերը, շատ բնորոշ են մեր այսօրվան եւ իրական. «Ճոռոմ խոսքեր ենք քեզ բերել, որովհետև մեր զամբյուղում ուրիշ ոչինչ չկա։ Քեզ սիրել ենք մեր զավակի պես՝ վնասելով, աչքաթող անելով, սխալ ու անխնա»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ