Այս պարագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գնալն արկածախնդրություն է.Ռուբեն Մելքոնյան

59

Նիկոլ Փաշինյանի այս քայլը կարող ենք տեղավորել իր արկածախնդրային կերպարի շրջանակներում, սա ոչ թե Հայաստանի դիվանագիտության մշակած քայլն է, այլ՝ արկածախնդրությունից բխող ինչ-որ քայլ է, որով հերթական հարվածն է հասցվում Հայաստանին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահին արված հանդիպման առաջարկին։

Փորձագետի խոսքով՝ Էրդողանի հետ հանդիպման նպատակը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է, սահմանների բացումը՝ տնտեսական հեռանկարով, սակայն, ըստ զրուցակցի, մշուշոտ է՝ այդ տնտեսական հեռանկարը դրակա՞ն է, թե՞՝ բացասական է.

«Հայաստանն ինքն է դիմում Թուրքիային՝ հանդիպելու և քննարկելու, դիմում է մի երկրի, որը 44-օրյա պատերազմի մասնակից է, որտեղ հակահայկական ատելությունը շարունակվում է, որը չի վերացրել իր նախապայմանները, ընդհակառակը՝ շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել:Այստեղից կարելի է բխեցնել, որ եթե անգամ այդ հանդիպումը կայանա, ապա օրակարգը, որը ձևավորվելու է հանդիպման ժամանակ, հաստատ հայանպաստ չի լինելու, այլ ձևավորվելու է թուրքական սցենարով՝ ըստ թուրքական նախապայմանների»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Զրուցակիցն ընդգծեց՝ չկա որևէ դրական նախադրյալ, որը թույլ կտա խոսել Հայաստան-Թուրքիա դրական ու արժանապատիվ հարաբերությունների հաստատման մասին.
«Սա թուրքական նախապայմանների առջև բացված հերթական հնարավորությունն է,ցավոք սրտի, այդ հնարավորությունները բացում են Հայաստանի իշխանությունները»,-ասաց Մելքոնյանը:

Թուրքիան մշտապես երեք նախապայման է առաջադրել՝ Արցախի հարցի՝ իրենց համար ձեռնտու լուծում, Ցեղասպանության հարցից հրաժարում և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում:

Էրդողանը իր ելույթում ակնհայտ ցույց տվեց, որ այս երեք նախապայմաններին է ավելանում նաև Սյունիքով միջանցք բացելու պահանջը:

Զրուցակցի արձանագրմամբ՝ Թուրքիան մշտապես նախապայմաններ է ունեցել և չի էլ ցանկանում դուրս բերել այդ նախապայմաններն իր քաղաքական օրակարգից, այլ դրանց ավելացնում է նորերը.

«Ես վստահ եմ, որ նոր տասնյակ այլ նախապայմաններ ևս կարող են հայտնվել հայ-թուրքական օրակարգում՝ Թուրքայի կողմից, վստահ եմ, որ մեր իշխանությունները ևս այս մասին տեղյակ են և տարակուսելի է՝ այս ամենը հաշվի առնելով, Հայաստանի համար ի՞նչ շահեր են տեսնում նրանք, որ այս ստարտային պայմաններում փորձում են գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-ասաց նա և հավելեց.

«Ես ինքս կողմ եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց պետք է լինեն համապատասխան հնարավորություններ, ստարտային համապատասխան պայմաններ, չպետք է դա լինի թուրքական նախապայմանների շրջանակներում: Այս ամենը չպետք է ազդի Հայաստան պետության և հայ ժողովրդի արժանապատվության վրա, բայց այն, ինչ մենք հիմա ունենք, որևէ հիմք չի տալիս խոսելու, որ Հայաստանի շահը, Հայաստանի արժանապատվությունը կկարողանան պաշտպանել»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Իսկ թե պատերազմից հետո դիվանագիտական թույլ ռեսուրսներով Հայաստանն ինչպե՞ս է պատրաստվում հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ, զրուցակիցն ասաց «Հայաստանը գտնվում է արտաքին քաղաքականության, դիվանագիտության ամենաթույլ վիճակում իր ամբողջ պատմության ընթացքում՝ նվազագույն սուբյեկտայնությամբ: Այս պարագայում գնալ նման լուրջ և նուրբ հարցի լուծմանը, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, դա իրոք կարելի է բնութագրել որպես արկածախնդրություն և Հայաստանի շահերի և արժանապատվության անտեսում: Մտնել Թուրքիայի նման բարդ խաղացողի հետ նմանատիպ գործընթացի մեջ,ունենալով այսպիսի հնարավորություններ և թույլ վիճակ, դա ուղղակի հնարավորություն չի տալիս ենթադրել, որ Հայաստանն այս ամենից կարող է շահեկան պայմաններով դուրս գալ, այս ամենը տանելու է Հայաստանի համար ծանր և կորուստով լի ապագայի»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Աղբյուր` Փաստինֆո