Էրդողանը “դրական” ազդակներ է հաղորդո՞ւմ, թ՞ե օգտվելով կաթվածահար Հայաստանի վիճակից կամք է թելադրում հայ ժողովրդին

31

Էրդողանը դրական ազդակներ է հաղորդո՞ւմ, թ՞ե օգտվելով կաթվածահար արված Հայաստանի ծանր կացությունից կամք է թելադրում հայ ժողովրդին

Օգոստոսի 27-ին կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե տարածաշրջանային քաղաքականության թեմայով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, ավելացնելով. “Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին կպատասխանենք դրական ազդակներով”: Ազդակի պարագային ՀՀ վարչապետը նկատի ուներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգոստոսի 25-ին Խլաթում 1071-ի Մանազկերտի ճակատամարտի տարելիցի նախօրյակին դեսպանների առջև ունեցած ելույթը, որտեղ նա ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի վերացումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նախադրյալներ է ստեղծել, եթե Հայաստանը ընդառաջ գնա այդ նախադրյալներին, ապա իրենք կդիմեն անհրաժեշտ քայլերի:

Էրդողանը, սակայն դրանով չի բավարարվել, այլ, ինչպես “Ակօսի” օգոստոսի 28-ի համարում հրապարակված հարցազրույցում, նշել է պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը, խոսել է նաև հարևանների հետ հարաբերությունները տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա զարգացնելու անհրաժեշտության մասին: Ելնելով այդ հանգամանքից, պոլսահայ գործիչը ասել է. “Էրդողանի հայտարարությունների մեջ որևէ դրական երևույթ չեմ տեսել Հայաստանի նկատմամբ: Ճիշտ հակառակը՝ նա առյուծ կտրած, ուզում է ծնկի բերել Հայաստանը, իսկ դա ենթադրում է, որ Հայաստանը հողային պահանջ չունենա, չհրաժարվի 1915-ի միջազգային ճանաչման ձեռքբերումներից, վերահաստատի Կարսի պայմանագիրը և այլն ”:

Հատկանշական է, որ Էրդողանի այս նկրտումները, “Ակօսի” սեպտեմբերի 3-ի համարի վկայությամբ, Հայաստան-Թուրքիա մերձեցմանը նպաստելու պատրաստակամությանբ, ընդառաջել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որպեսզի նաև մերձեցման հարցում միմյանց հետ համագործակցող Թուրքիան ու Ռուսաստանը չբախվեն ամերիկյան գործոնի դիմադրությանը: Այլ կերպ՝ բացի վերոհիշյալ նկրտումներից, Էրդողանն ու Պուտինը Ռուսաստանի կողմից ահաբեկված և կաթվածահար արված հայաստանյան իշխանությունների միջոցով փորձում են կրկին փաստի առջև կանգնեցնել ԱՄՆ-ին, որ հակական կողմը հաշտության պայմանագիր ստորագրի ադրբեջանականի հետ, բայց ապարդյուն:

Այն առումով, որ Հայասում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին օգոստոսի 23-ին Սյունիքում արած հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքնեերը հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը լուծված չէ, որովհետև լուծված չէ ԼՂ-ի կարգավիճակը, կրկնեց նաև սեպտեմբերի 15-ին, ինչը կարգավիճակի հարցում Վաշինգտոնի հետևողականության մասին է խոսում, իսկ դա հիմնովին տակնուվրա է անում Անկարայի և վաշինգտոնի 44-օրյա պատերազմով պայմանավորված քաղաքական հաշվարկները, ի չիք դարձնելով Զանգեզուրի միջանցքի բացումը:

Խնդիրը, սակայն, սոսկ հաշվարկները չեն, այլ Էրդողանի “դրական ազդակներին” վարչապետ Փաշինյանի դրականորեն արձագանքելու պատրաստակամությունը: Որքան էլ արձագանքը բանավոր լինի, որևէ պետության համար պարտավորեցնող են, այն էլ միջազգայնորեն, նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունները գրավոր, թե բանավոր: 0Ավելին, արձագանքել Էրդողանի ազդակներին, կնշանակի միջազգայնորեն օրինականացնել Թուրքիայի մասնակցությունը 44-օրյա պատերազմին, դրանում վարձկան ահաբեկիչների ներգրավումը, Ադրբեջանին ցուցաբերած անվերապահ ռազմական աջակցությունը, ինչպես նաև Էրդողանի պատերազմի օրերին արարած հայտարարությունը, թե Թուրքիան այս պատերազմին մասնակցում է 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու նպատակով:

Քանի որ այս հայտարարությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Էրդողանին հռչակել է իր լավագուն ընկերը, ուստի ինքնաբերաբար արդարացվում է նաև Էրդողան-Պուտին համագործակցությունն ընդդեմ ռուսական զորանոցի վերածված Արցախի, կաթվածահար արված Հայաստանի և ահաբեկված հայ ժողովրդի: Հարցի էությունը, սակայն, այս ամենով չի սահմանափակվում: Էրդողանի շատ դրական ազդակների ֆոնին հանկարծ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, եթե չեմ սխալվում սեպտեմբերի 7-ին,  հայտարարում է. “Հայերն աչք ունեն որիշների հողերի վրա”:

Ի դեպ՝ 2011-ի մարտին, երբ  Սիրիային պարտադրվեց չարաբաստիկ ներքին պատերազմը, սեպտեմբերին Էրդողանը ի լուր աշխարհի թուրքական զորքերով Սիրիա ներխուժելու, երեք ժամում Հալեպ, իսկ երկու ժամ հետո Դամասկոս հասնելու պատրաստակամություն հայնեց, որ նամազի կանգնի օմայան մզկիթում: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ավելի անհամբեր գտնվեց: Նա Դամասկոս էր հասնում երեք ժամում, եթե իհարկե թուրքական տանկերը կարողանային ժամում զարգացնել գոնե 180 կմ. արագություն:

Թեև դա տեղի չունեցավ, սակայն փոխարենը Հալեպը հռչակվեց Թուրքիայի 82, իսկ Դամասկոսը 83-րդ նահանգը: Մինչ այդ նման պատվին արժանացել էր Մոսուլը: 2017-18 թթ. թուրքական զորքերեր գրավեցին Ջարաբլուսը, Ազազը, Ալ Բաբնու Աֆրինը, Իդլիբը չհաշված, Թուրքիան սկսեց յուրացնել այս քաղաքները, նշանակելով կառավարիչներ, որոնցում շրջանառության մեջ դրվեց թուրքական լիրան, բացվեցին թուրքական դատարաններ, ինչպես նաև Գազիանթեբի համալսարանի ֆակուլտետներ:

Ինչ վերաբերում այլոց հողերի վրա աչք ունենալու Հայաստանին հասցեագրված մեղադրանքին, այն հողերը, եթե խոսքը այսպես կոչված Արևելյան Անատոիայի մասին է, Արևմտահայաստանի հողերն են, հաստատված ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար որոշումով և Սեվրի պայմանագրով: Դրանով հանդերձ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ոչ մի անգամ հավակնություններով հանդես չի եկել: Չավուշօղլուն չի կարող  չիմանալ այդ մասին: Կնշանակի նա հանիրավի մեղադրանքներով փորձում է արդարացնել ինչպես Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ակնհայտ թշնամական քաղաքականությունը, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում կատարած բոլոր չարագործությունները, ոչ պակաս չարանենգ հաշվարկներով:

Առհասարակ միջպետական հարաբերություններում գործում է փոխադարձության սկզբունք: Գուցե Հայաստանը չի կարող փոխադարձել Թուրքիայի չարագործությունները, սակայն միանգամայն կարող է պաշտոնական հայտարարություններով  դատապարտել թուրք ղեկավարների չարանենգությունները:

Հակոբ Չաքրյան