Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված

52

Վերաքննիչ դատարանը մերժել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, Tert.am-ի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպաններից Դավիթ Կարապետյանը։«Որոշումը դեռ չենք ստացել, միանշանակ բողոքարկելու ենք այն։ Հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի բացակայության պարագայում Մենուա Հովսեփյանին զրկել են ազատությունից»,-ասել է պաշտպանը՝ հավելով, որ չկան հիմքեր ենթադրելու, որ Մենուա Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Նա հիշեցրել է նաև, որ Գորիսի համայքապետի տեղակալը 2-րդ կարգի հաշմանդամ է, 4 անչափահաս երեխա ունի, առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը դա հաշվի չեն առել։

Դավիթ Կարապետյանը նշել է, որ բողոքարկելիս անդարդառնալու են նաև նրան, որ առաջին ատյանի դատարանը ոչ օրինական կազմով է քննել Մենուա Հովսեփյանի գործը։

«Mail.ru էլեկտրոնային փոստով անհասկանալի և ոչ բովանդակային հողորդագրությամբ գործը մակագրվել է հայտնի Մնացական Մարտիրոսյանին»,-ասել է պաշտպանը։ Նշենք, որ Մենուա Հովսեփյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, նա կալանավորվել է օգոստոսի 18-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։

Մենուա Հովսփյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով՝յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Մենուա Հովսեփյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, գործը համարում է շինծու։