Սովորական մի պատմություն

57

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Սովորական, սենտիմենտալ պատմություն» («ՎՄՎ-ՊՐԻՆՏ», Երեւան, 2019). այսպես է վերնագրել իր վիպակը մանչեստրահայ մեր հայրենակից Հովհաննես Թաքուկյանը:

Ընթերցողը թերեւս նրան հիշի մեր թերթի էջերում հրապարակված տպավորիչ հուշագրություններով: Գրի, մշակույթի, հոգեւոր կյանքի մարդ, բարեմիտ, բացսիրտ անձնավորություն: Նրա առաջին` 2018֊ ին հրատարակած «Կյանքիս տարիները» ծավալուն գիրքը կենսագրական հետաքրքրական դրվագների պատում է` հեղինակի տիգրանակերտցի եւ իզմիրցի նախնիների գաղթի, ծնողների հայրենադարձության մասին:

Գրքի հաջորդ երկու բաժիններում իր տպավորություններն են, ակնարկներ ու դիմանկարներ` գիտության, մշակույթի, հոգեւոր, քաղաքական շրջանակների ականավոր գործիչների մասին` Վազգեն Վեհափառ, Ուիլյամ Սարոյան,Կարեն Դեմիրճյան, Պարույր Սեւակ, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Հովհաննես Չեքիջյան, Առնո Բաբաջանյան,Կարպիս Սուրենյան, Լեւոն Ներսիսյան, Սարգիս Հարությունյան, Բորիս եւ Միխայիլ Պիատրովսկիներ…

Թաքուկյանը փնտրված հուշագիր է. որքան էլ` ժանրի «պարտադրանքի»` գրության անձնավորման գայթակղությանը, իր անձը, նա, կարելի է ասել, աներեւույթ է պահում, փոխարենը` ուշադրությունը ուղղելով հուշագրության հերոսին, կյանքային մեծ կամ փոքր դրվագների վերհուշով ստեղծում ամբողջական, կենդանի դիմանկար: Նրա հուշագրության ամենաբնորոշ կողմը շարադրանքի անբռնազբոս, անմիջական տոնն է, անկեղծությունը` պատումին հիրավի գրավչություն ու հավաստիություն հաղորդող:

Այսպիսին է նաեւ «Սովորական, սենտիմենտալ պատմություն» վիպակը, որի սյուժեն իսկապես որ սովորական պատմություն է սիրո, նորաստեղծ ընտանիքի մասին, որտեղ զգացական, կենցաղային թելերը տանում են ավելի խորը երեւույթերի, կյանքի երկընտրանքի, երկատման, ինչը, բարեբախտորեն, չդառնալով բարոյախրատական եւ կամ հրապարակախոսական պաթոս, առանցքային է դառնում անգամ առանձնապես չշեշտված: Այստեղ չեք հանդիպի սուր, դրամատիկ վիճակների, կերպարներին գրավչություն հաղորդող գրական հնարքների: Սա դանդաղ հոսող կյանք է, օրերի հաջորդական շղթայի բնական իրադարձություններով, որտեղ, ինչպես սովորաբար է կյանքում, շրջադարձային դեպքերը ճակատագրական կարող են լինել` կյանքի ղեկը թեքելով մեկ այլ ուղղությամբ:

Վիպակի պարզ սյուժեն կառուցված է երեւանաբնակ տաղանդավոր դաշնակահարուհու եւ փարիզահայ մի երիտասարդի սիրային պատմության վրա, երբ համերգների Փարիզ մեկնած Լուսինեի արվեստով ու գեղեցկությամբ հմայված ասպետական պահվածքի, կանացի սրտեր գրավող անակնկալների վարպետ Վահրամը կարողանում է շահել բարոյական բարձր արժեքներով դաստիարակված աղջկա վստահությունը, ապա եւ` սերը:

Զգացողական վիճակը, թե երիտասարդ սփյուռքահայի անսովոր վերաբերմունքըՙ նվիրվածության, սիրո այսպես ասած առարկայական դրսեւորումները հնարավոր է անմաքուր միտումներ ունենան, ի չիք է դառնում. այստեղ ոչ խաղ կա, ոչ մանիպուլյացիա, մաքուր զգացմունքներ են` լուրջ հարաբերությունների մտադրությամբ: Երիտասարդ դաշնակահարուհու կյանքը բավական արագ տեղափոխվում է այլ «ռելսերի» վրաՙ Փարիզ֊ Երեւան կամրջումով: Միմյանցից` մտածողությամբ, սովորույթներով, կենցաղով բավական տարբերվող երկուՙ հայաստանյան եւ սփյուռքյան միջավայրերի միջեւ շատ դյուրին առողջ փոխհարաբերություններ են ձեւավորվում` զերծ հայկական ընտանեկան քաղքենի մանրախնդրություններից, զանազան հաշվենկատություններից:

Լուսինեն, սակայն, այլեւս ապրելու է երկատված կյանքովՙ մի կողմում անցյալն է երեւանյան հիշողությունների, ծնողներ, հարազատներ, ընկերներ, մյուսումՙ նորը. փարիզյան մթնոլորտը, եվրոպական կյանքի գայթակղությունները, հարմարավետ, բարեկեցիկ, ապահով կյանքը:

Այսպիսի կամրջումը` կյանքի, շատ ծանոթ է հայերից շատերին, որի ամենափխրուն ու զգայուն անկյունը կարող է փուլ գալ ամենափոքր տատանումից անգամ: Դա կարոտն է, որը ոչնչով չի լցվում, ոչնչով չի փոխարինվում ու չի սփոփվում: Նոր միջավայրին ընտելանալու խնդիրը յուրաքանչյուր օտարական յուրովի է լուծումՙ նայած հանգամանքների, սոցիալական վիճակների ստեղծում կյանքային այս կամ այն իրականություն` հարմարվելու, կամ` հակառակը: Բայց կարոտը մարդուն ոչ մի կերպ չի հաշտեցնում իրեն, ներսից մաշում է. այսպիսի հատկություն ունի կարոտը:

Փարիզում` որքան էլ շրջապատված ամուսնու հոգատարությամբ, ընտանեկան ջերմությամբ, Լուսինեն կարոտի դեմ ոչինչ անել չի կարողանում, մտքերի մեջ անցյալը պտտվում, քաղաքը, ծնողները, հարազատները, անդադար հետն են: Բայց կյանք է, ընթանում է սովորական հունով, ինչպես այն կա, ինչպես գիտենք:

Իսկ կյանքը սովորական այդ շղթան կտրելու դավադրության ընդունակ էՙ աղետների, դժբախտությունների, ողբերգությունների սցենարներով: Լուսինեի մորՙ նրբանկատ ու ազնվակիրթ կնոջ, որի հետ կապված էր իր ամեն նյարդով, անսպասելի մահը ցնցում է նրան: Իսկ թաղմանը ներկա չգտնվելը այն ցավն էր, որի հետ ապրելու էր մնացած կյանքը. չսպիացող վերք` ստեպ- ստեպ արթնացող հիշողության ասեղնահարումով:

Արտագաղթի թեման կարծես չի շոշափում հեղինակը, բայց սա` առաջին հայացքից: Վիպակի հերոսուհին բնականորեն է տեղափոխվում օտար երկիր, սակայն ընթերցողը ենթագիտակցորեն մղվում է դրան, մանավանդ այս օրերին, երբ այն մեր ամենակենսական հարցերից մեկն է, երբ վիրավոր ու հյուծված, սահմաններն անպաշտպան ու խոցելի երկիրը ներքին փլվող իրականությամբ ավելի քան երբեւէ մեր կարիքն ունի: Իսկ մենք գնում ենք ու գնում, լքում ենք, որ փրկե՞նք մեր կյանքերը: Ո՞ւմ ենք թողնում մեր հողը, մեր տունը: Յուրաքանչյուրի իրավունքն է իհարկե իր կյանքն ազատ տնօրինելու: Սակայն այնպես էլ չէ, թե գնացածները դրախտում են, այնպես չէ, թե այդ երկրներում կյանքը միայն հարթ ու հեշտ ճանապարհ Է: Սրան առնչվող մի երեւույթ կա շատ անընդունելի. ոչինչ չարածների` հեռվից դասեր տալու, խրատներ ու հորդորներ կարդալու, նույնիսկ հոխորտալու անտանելի կեցվածքը. բարոյականության հարց է: Ի՞նչ է, չգիտե՞ն նրանք, որ հողը մարդով է ամուր, որ անտեր տունը հասցե չունի, որ հողը իր վրա քայլող, իրեն շնչավորող, կենդանացնող մարդունն է ու նրան է սպասում: Մարդն է, որ տարածքը, հողը երկիր է դարձնում, երկիրը` պետություն: Հայրենիքը վերացական գաղափար չէ, ապրում ու հիշողություն չէ միայն. նման մի ծառի, որքան էլ վերեւ ձգվող, կառչած է հողին, ասել է թե` մարդուն: Պիտի խնամես, հոգ տանես, պիտի սիրես, որ հետո վայելես ստվերն ու պտուղը:

Փակագծերում ասենք. այնպես չէ, թե հողին կպած ամեն արարած գիտի ասվածի գինը, որ շատերը ներսում թե դրսում ապրում են անարձագանք ու անվերաբերմունք երկրի հետ կատարվող իրադարձություններին, կապ չունեն ո՛չ հողի, ո՛չ լեզվի ու մշակույթի, ո՛չ պետության հետ, կամ էլ հավուր պատշաճի ինչ – որ բաներ են գրում կամ խոսում:

Այսպես է. ամեն բան հոսում, ամեն բան փոխվում է, զգացմունք, վերաբերմունք, ընկալում… Եվ խոսում են ջրերը, Սենի ջրերը… հոսում դեպի մտքի խորքերը, ասոցացվում ժամանակի առեղծվածին, կյանքի հանելուկային հարցերի պատասխաններին:

«…Միակ բանը, որ երբեք չի փոխվում դա, Սենան է:

Մշտնջենական Սենան-խաղաղ, լայն, դանդաղ հոսող, ամեն ինչին ունկնդիր…

Տարիներ է արդեն նա իմ հավատարիմ ընկերն է, համբերատար ինձ լսողը… Փարիզյան այս` թեեւ հայաշատ արվարձանում, ես շա՜տ շուտ համոզվեցի, որ քեզ լսող չի լինելու… Առավել եւս հասկացող… Սենան լսում է ինձ, իմ Երեւանյան հայերենով պատմածներս…»:

Հ.Գ. «Սովորական, սենտիմենտալ պատմություն» վիպակը 2019 ֊ ին արժանացել է Կանադայում գործող «Հայկ Նագգաշեան գրական գնահատանք» մրցանակին: Վաճառքի ողջ հասույթը հեղինակը փոխանցում է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին: Առ այսօր հանգանակությունների, վաճառքի եւ շնորհանդեսների շնորհիվ փոխանցվել է մոտ 1300 դոլար: Գրքի վաճառքը շարունակվում է «Բուկինիստ», «Նոյյան տապան», «Զանգակ», «Լույս գրատուն», ինչպես նաեւ Էջմիածնի եւ Աբովյանի գրախանութներում: Տպաքանակի մի մասը հանձնված է ծերանոցին: