ՇՀԿ գագաթաժողովում ստորագրվել է Դուշանբեի հռչակագիրը

103

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները ստորագրել են Դուշանբեի հռչակագիրը, փոխանցում է «ՌԻԱ» գործակալությունը:

Միավորման 20-ամյակին ընդունված փաստաթղթում ՇՀԿ ղեկավարները հանդես եկան Աֆղանստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման օգտին՝ նշելով, որ երկիրը պետք է լինի չեզոք, միասնական և ժողովրդավար: ՇՀԿ-ն հանդես է գալիս իսլամական հանրապետությունում կոալիցիոն կառավարության ստեղծման օգտին`բոլոր էթնիկ, կրոնական և քաղաքական խմբերի մասնակցությամբ:

Գագաթաժողովը ընդունել է նաև փաստաթուղթ, որը նախատեսում է Իրանի՝ կազմակերպությանը միանալու ընթացակարգի սկիզբը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը:

Ներկայումս ՇՀԿ անդամ երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Պակիստանը, Հնդկաստանը: Աֆղանստանը, Բելառուսը և Մոնղոլիան դիտորդ պետություններ են, իսկ Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան՝ գործընկերներ: