Հայկական ֆիլմերի ազդագրերից վերատպված առաջին կինոստիկերները

82

 Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Էպիգրաֆ» գրախանութը առաջին անգամ  կներկայացնում են հայկական կինոազդագրերից վերատպված  20 կինոստիկերների ( կպչուկներ) բացառիկ հավաքածուն, որը կկայանա  սեպտեմբերի 17-ին՝ «Էպիգրաֆ» գրախանութի մասնաճյուղում (Նկարիչների միություն,Աբովյան 14)։ Նույն օրը հանրությանը կներկայացվեն  նաև  «Բարև, ես եմ», «Հայրիկ», «Մկների ժողովը», «Սարոյան Եղբայրներ», «Կտոր մը երկինք», «Երջանկության մեխանիկան» և այլ հանրահայտ կինոնկարների վերատպված կինոազդագրերը։ Ցուցադրության համար ընտրվել են հատուկ այն ֆիլմերի ազդագրերը, որոնք ժամանակի ընթացքում դարձել են հիթային ու հարազատ մեր հանրության համար։

Միջոցառման ընթացքում, կցուցադրվեն նաև վերջերս նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի  տարծքից գտնված հինգ հայկական կինոազդագրեր, որոնք վերկանգնվել են Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ։

1960-80-ականներին տպագրված այս հրաշալի գրաֆիկական ազդագրերից պահպանվել են միայն եզակի նմուշներ, ուստի այս հավաքածուն հնարավորություն է ընձեռնում լայն հանրությանը ավելի մոտիկից ծանոթանալու հայկական կինոազդագրի արվեստին և ձեռք բերելու դրանց որակյալ պատճենները։

Հիշյալ նախագծով մեկնարկում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Էպիգրաֆ» գրախանութի շարունակական գործակցությունը։ Առաջիկայում, նախատեսվում է կինոստիկերների նոր շարքի թողարկում, ազդագրերի մեծադիր վերատպություն, ինչպես նաև գունավորման պաստառների և պատկերազարդ ալբոմների տպագրություն երեխաների համար։