Խաղողագործների հետ հանդիպմանը մարզպետարանից խոստացել են մթերվող խաղողը բաժանել տարբեր գործարանների միջև

67

Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացնող խաղողագործներին խոստացել են մթերվող բերքը բաժանել մի քանի գործարանների միջև։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նալբանդյանի համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը։

«Ես այնտեղ չեմ եղել, բայց գյուղացիներն ասացին, որ մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում խոստացվել է, որ խաղողները կբաժանեն տարբեր գործարանների միջև։ Գյուղացիների հետ հանդիպումից հետո մարզպետարանին ներկայացրինք կոնկրետ տվյալներ, թե քանի հեկտար խաղող ունենք, որ չի հանձնվել Ամասիայի մթերման կետին, և ինչ տեսակի խաղողներ են»,- նշել է համայնքապետը։

Նշենք, որ գյուղացիները մինչև այս խաղողը մթերման նպատակով հանձնում էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» Ամասիայի մթերման կետին:

«Այս տարի խաղողը չեն ընդունում, և մեզ գործարանից ոչ մի հիմնավորում չեն տվել, թե ինչու չեն ընդունում բերքը։ Գյուղի բնակչությունն էլ շատ վրդովված է Գագիկ Ծառուկյանից, ասում է՝ եթե մեր բերքը չի ընդունում, մենք էլ իր ոչ մի ապրանքից չենք օգտվի»,- ասել է Գրիգոր Մկրտչյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը: