Թող Փաշինյանի տղեն գա մեր դպրոցում նստի, որ իմանանք անվտանգ ա. արյունահեղություն են ուզում

113

«Կառավարությունից ոչ մի արձագանք չկա, այսինքն՝ սահմանն իրենց ոչ մի կերպ հետաքրքիր չէ։ Սահմանին ապրող ժողովուրդն է այստեղ հավաքված։ Կարող են հարց տալ՝ ի՞նչն է խնդիրը, թեկուզև չլուծեն, բայց բացարձակ ոչ մի արձագանք՝  ոչ մարզպետարանից, ոչ մի տեղից չկա։ Իմ զանգերին չեն պատասխանում։ Արյունահեղություն են ուզում սարքել՝ խփելով, ծեծելով ձերբակալել, ոնց որ արեցին Սյունիքում։ Ինչքան հերոս տղաներ կային, բոլորին կալանավորեցին»,- ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, որը համայնքի բնակիչների հետ Վարդենիս-Սոթք ճանապարհին էր։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել էին նշված ճանապարհը՝ կտրականապես դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։

Գեղամասար համայնքի ղեկավարը լրագրողներին հայտնեց, որ տեղյակ է՝ ուզում են իրեն էլ ձերբակալել։ 

«Ինձ հենց Գնել Սանոսյանն ասել է՝ խոստանում եմ՝ դու դատվելու ես, համայնքը ցրելու եմ»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Նա մանրամասնեց նաև, թե ինչու է իր դեմ դատական պրոցես սկսվել։

«Ով հարկն ուշացրել է անցյալ տարի՝ պատերազմի ժամանակ, ԱԱԾ-ն քննություն է սկսել, դատական պրոցես է սկսվել նաև իմ դեմ, թե ինչո՞ւ անցյալ տարի հարկերը չեք հավաքել։ Այսինքն՝ չե՞ն հասկանում, որ պատերազմի ժամանակ տղերքը պատերազմում են, չենք զանգելու, ասենք՝ բեր հարկը տուր, պետք է ասենք՝ ինչո՞վ ձեզ օգնենք։ Հիմա իմ վրա գործ է հարուցվել, թե ինչո՞ւ հարկերը չեմ հավաքել, համայնքը վնաս է կրել։ Ու այդ մարդկանց պետք է դատի տան։ Այսինքն՝ սահմանից ուզում են լրիվ մաքրել։ Պատերազմի ժամանակ, որդին զոհված… ես պիտի գնամ, էդ մարդուն ասեմ՝ հարկերը պիտի տա՞ս»,- ասաց Ավետյանը։

Բնակիչներն արձագանքեցին՝ պահանջելով, որ «համայնքը ցրելու» մտադրություն ունեցողները գան և հսկեն իրենց երեխաների անվտանգությունը։

«Թող մեր համայնքը ցրողը գա, մեր դպրոցում պահակ նստի, մեր երեխաները դպրոց գնան։ Վախենում ենք երեխաներին դպրոց ուղարկել, դա կարող է վերջին ուղարկելը լինի։ Եթե մարդ են, հասկանում են, ուրեմն թող Փաշինյանի տղան գա, պահակ նստի մեր դպրոցում»,- ասաց բնակիչներից մեկը:

«Թուրքերը էստեղ նստած են, կարող է իրիկունները մտնեն մեր տները, մեր երեխաներին գողանան, տանեն։ Հողերը լրիվ ծախեց Փաշինյանը։ Սյունիքի մարզում չեք տեսնո՞ւմ՝ թուրքը բերել «շլամբավոյ» է դրել, վաղն էլ էստեղ է դնելու, դառնալու ենք ստրուկներ»,- ասացին նրանք։

Գեղամասար համայնքի ղեկավարը կառավարության նպատակը համարեց ոչ թե 8 000 բնակչի անվտանգությունն ապահովելը, այլ նրանց ամեն կերպ ճնշելը՝ բողոքի ձայնը լռեցնելու համար։

«Կա մի նպատակ․ ցրեն, ձերբակալեն, ակտիվիստներին կալանավորեն։ Կապ չունի՝ պատերազմի մասնակից է, թե՝ ինչ։ Եթե իրենց խանգարում է, ուրեմն իրենց թշնամին է։ Եթե կառավարությունն անտեսում է մեզ, ուրեմն տարածքները արդեն մերը չեն, մենք տեղյակ չենք։ Մենք այստեղ տներ ունենք, գերեզմաններ ունենք, մեր համայնքն ուզում ենք պահենք, չենք ուզում գնալ։ Ես զգում եմ, որ այստեղ արյունահեղություն է լինելու, որովհետև կոնկրետ հանձնարարական կա։ Բռնի ուժով, ծեծելով ցրեն, այդպիսի հանձնարարական կա», – ասաց նա։

Որոշ ժամանակ անց Հակոբ Ավետյանը հայտարարեց նաև, որ Վարդենիս-Սոթք ճանապարհով զինվորական մեքենաների տեղաշարժը չսահմանափակելու համար իրենք ճանապարհը կբացեն, սակայն կառավարությանը համայնքի բնակիչների անունից մեկ օր ժամանակ տվեց՝ արձագանքելու իրենց բարձրացրած խնդրին։ Հակառակ դեպքում՝ կդիմեն ավելի կոշտ միջոցների։

«Ես պարզապես ուզում եմ, որ զինվորական հերթափոխին չխանգարենք։ Ճանապարհն այսօր կբացենք, կսպասենք մեկ օր՝ մի պայմանով, որ եթե կառավարությունը վաղը մեզ չարձագանքի, ուրեմն կհամարենք, որ իրենց համար այս 8 000 ժողովուրդը, այս գյուղերը ընդհանրապես ցուցակից հանած են։ Մյուս օրը հայտարարելու ենք և տարբեր հատվածներով, երկաթգծով, փակվելու է ճանապահը»,- ասաց նա։