«Արևիկ» ազգային պարկում վառվել է 25-30 հա տարածք.Կարմիր գրքում գրանցված մի քանի հարյուր տարեկան գիհիներ այրվել են մինչև վերջ

74

ArmDaily.am-ի հետ զրույցում «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը տեղեկացրեց, որ երեկվա բռնկված հրդեհը դեռևս շարունակվում է։ Ավելին, ամենայն հավանականությամբ հրդեհը բավականին մեծ տարածք է ընդգրկում և գտնվում է շատ դժվարամատչելի վայրում, որտեղ ոչ մի մեքենա չի կարող հասնել՝ փրկարարները պիտի ոտքով բարձրանան այնտեղ։ Խնդիր է ստեղծում նաև այն հանգամանքը, որ երեկ զորավարժությունների ժամանակ պատահաբար «Արևիք» ազգային պարկի սրտում՝ գիհիների նոսրանտառի հատվածում ընկած արկից առաջացած հրդեհի հետևանքով այրվող գիհիները վառվում են մինչև վերջ։ «Հրդեհի տարածքը դեռ չի հստակեցվել, թե քանի հեկտար է։ Ըստ մասնագետ՝ի հրդեհից կվնասվեն հենց ասեղնատերևներն ու գիհուտի նոսրանտառը, իսկ լայնատերև ծառերին շատ վնաս չի հասցվի, որքան գիհուտի նոսրանտառին։ Կրակը շատ արագ է առաջ գնում։ Վառվում են 2-3 մետրանոց գիհիներ։ Դրանք մոտ 300-400 տարեկան կարող են լինել։ Գիհիները իրենց խեժային կառուցվածքով դյուրավառ են»,-ասաց Կիրակոսյանը։

Նարինե Կիրակոսյանը նշեց, որ վառվում են Կարմիր գրքում գրանցված մի քանի հարյուր տարեկան գիհիներ, որոնց մեկ հեկտար անտառը ի վիճակի է 150-250 հազ բնակչություն ունեցող քիմիական, արդյունաբերական քաղաքի աղտոտված օդը ֆիլտրելու և հարստացնելու ֆիտոնցիդներով, իսկ Մեղրու խոշորացված համայնքում ապրում է մոտ 12 հազար մարդ։ Նա հավելեց, որ քանի որ հրդեհի տարածքը դժվարանցանելի է, ապա կարող են կիրառել պայթուցիկ քուղ, այսինքն լար՝ ռուսերեն դա կոչվում է детонационный шнур։

Կիրակոսյանը նշեց, որ գիշերային հերթապահություն է իրականացրել ԱԻՆ-ը, նրանց միացել են նաև զորամասի զինծառայողները, որպեսզի օգնեն կանգնեցնել հրդեհի տարածումը։ Ի դեպ՝ մեր տեղեկություններով՝ զինվորականները ևս հայտնվել են անհարմար դրության մեջ, քանի որ փաստացիորեն առաջացած հրդեհն իրենց անփութության հետևանքն է եղել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև մոտակա բնակավայրերի բնակիչներ։ «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիրը նշեց, որ ամենայն հավանականությամբ պարզապես թիրախը սխալ են որոշել՝ այդ իսկ պատճառով էլ անզգուշաբար հրդեհ են առաջացրել։

ArmDaily.am-ը կապ հաստատեց նաև ԱԻՆ մամուլի բաժնի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ «Արևիք» ազգային պարկում երեկվանից փրկարարները ոտքով բարձրացել են հրդեհի տարածք, որովհետև հրդեհը տարածվել է նաև դիմացի լանջը՝ տարածքը քարքարոտ ու բարձրադիր տարածք է։ «25-30 հա այս պահին այրվել են և արդեն այրվել-ինքնամարվել է։ Այս պահին 7-8 հա վառվում է և ԱԻՆ փրկարարները փորձում են մարել հրդեհը»,-ասացին ԱԻՆ մամուլի բաժնից։

Մեր հարցին, թե հնարավոր չէ արդյոք վերևից մարել հրդեհը՝ մեզ ասացին, որ նախ նման հնարավորություն չունեն, երկրորդը՝ դիրքը այնպիսին է, որ հնարավոր չէ այլ կերպ մարել։ Թե գիհիների նոսրանտառի որ չափն է ոչնչացել՝ չեն կարող ասել։