Պատերազմի օրերին այս տղայի լուսանկարը դարձավ այս պատերազմի հայկական խորհրդանիշը

51

Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –

Պատերազմի օրերին այս տղայի լուսանկարը տարածեց գրեթե ամեն մի հայ, տպագրվեց արտասահմանյան մամուլի էջերին, դարձավ այս պատերազմի հայկական խորհրդանիշը։ Հպարտացանք, ոգեշնչվեցինք ու հաղթանակի սպասումով լի պատրաստվում էիք դիմավորել մեր հերոսներին։ Քաղաքում Ալբերտի լուսանկարով վահանակներ էին տեղադրվել, ամեն տեղ հրետանու բոցերի մեջ ամուր կանգնած 19-ամյա էս տղան էր։

Բայց քչերը գիտեն, որ այն նույն ժամանակ, երբ մենք տարածում էինք Ալբերտի լուսանկարներն ու հպարտանում նրանով, տղան այլևս ողջ չէր։ Ալբերտը զոհվել էր սեպտեմբերի 29-ին՝ պատերազմի երկրորդ օրը, իր հրետանու կողքին։ Հայրն էլ գիտեր, բայց քանի դեռ որդու դին չէին գտել, նա ոչինչ չէր հայտնում, որ հանրության հաղթական ոգին չկոտրի…

Այսօր Ալբերտի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար 20 տարեկան…

Անկախ պատերազմի ելքից Ալբերտի այս լուսանկարն ինձ համար կմնա որպես հայ զինվորի հավաքական մարմնավորում։ Ու ոչ թե նրա համար, որ շատ տարածվեց ու գեղեցիկ կադր էր, այլ նրա համար, որ հայ զինվորը հենց այսպես էլ կռվել էր՝ հրետանու բոցերի ու ծխի, հրետանու արձակած դղրդյունի ու խլացնող աղմուկի դեմ չընկրկող ու հայրենի հողի վրա ամուր կանգնած։

Երկնային ծնունդդ շնորհավոր, Ալբերտ ջան։ Հավերժ փառք քեզ, հերոս տղա։