Բորել․ Ռուսաստանը համաշխարհային կարևոր դերակատար է և ԵՄ-ի ամենամեծ հարևանը

62

Ռուսաստանը ԵՄ-ի ամենամեծ հարևանն է և կարևոր համաշխարհային դերակատար: Այս մասին երեքշաբթի օրը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Նա չի վերանա կամ փոխվի մեկ գիշերվա ընթացքում», նշել է Բորելն ու առաջարկել ուսումնասիրել հարաբերությունները աստիճանաբար փոխելու հնարավորությունը` դրանք ավելի կանխատեսելի և կայուն դարձնելու համար:

Նա նաև հանդես է եկել անվտանգության քաղաքականության որոշ հարցերի շուրջ համագործակցության օգտին: «Պետք է խոստովանել, որ Ռուսաստանը կառուցողական դեր է խաղում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված հարցում», – շեշտել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Նա միևնույն ժամանակ պնդում է արել, որ Ռուսաստանը ցանկանում է «բաժանել Եվրամիության երկրներին»:

«Այդ պատճառով մենք պետք է միասնական մնանք, մենք պետք է ոչ միայն ձգտենք Ռուսաստանի հետ ավելի նվազ կոնֆլիկտային հարաբերությունների, այլև աջակցենք այնպիսի մարդկանց, ինչպիսին [Ալեքսեյ] Նավալնին է։ Ես կցանկանայի մտածել Ռուսաստանի հետ գործընկերության վերականգնման մասին, բայց այսօր դա հեռավոր հեռանկար է», – նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: