Խաղաղության քաղաքականությունը կարող է ուղեկցվել զոհերով, բայց դա է մեր քաղաքական ուժի միակ ճանապարհը՝ հաշվի առնելով, որ մենք ստացել ենք ժողովրդի մանդատը. Էդուարդ Աղաջանյան

113

«Լիճը, որ մեր տարածքում է, Չայզամի է անունը, գիտե՞ք դրա մասին: Ըստ Սովետական միության քարտեզի՝ ճանապարահի այդ հատվածը, որտեղ նրանք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ։ Սահմանազատման գործընթաց չի սկսվել, երբ սկսվի, հստակեցումները կտրվեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Հետո Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին ասել է, որ ուզում է՝  իրեն ավելի բովանդակային հարցեր տրվեն։

«Ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, թե իբր կողմ է երկարատեւ խաղաղության գործընթացի մաս կազմելուն, գործնականում իր քայլերով էլ ավելի է սրում եւ էսկալացնում իրավիճակը։ Այս խնդիրը պետք է մշտապես լինի մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։

 Այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական կողմից, նպատակը խաղաղության օրակարգն արժեզրկելն է։

ՔՊ-ն գնում է խաղաղության ճանապարհով եւ պատրաստվում է չտրվել սադրանքների,  մենք պահպանում ենք մեր սառնասրտությունը, խաղաղության քաղաքականությունը, որը կարող է ուղեկցվել զոհերով, այլ տհաճ եւ անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով մեր քաղաքական ուժը պետք է տանի քաղաքական գործընթացը՝ հաշվի առնելով, որ ստացել է ժողովրդի մանդատը»,- շարունակել է Էդուարդ Աղաջանյանը։