Ադրբեջանն այս քայլով փորձելու է թանկացումներ ստեղծել երկրի ներսում՝ նպատակ ունենալով թուլացնել Հայաստանի տնտեսությունը. տնտեսագետ

42

Ադրբեջանն իրանական բեռնատարներից փաստաթղթեր և գումար գանձելու միջոցով փորձում է երկրի ներսում թանկացումներ առաջացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին անցակետ տեղադրելով և իրանական բեռնատարներից գումար գանձելով՝ Ադրբեջանը երկու խնդիր է ստեղծում Հայաստանի համար, որոնցից մեկն ապրանքների թանկացումներն են։

«Թանկացումներ ստեղծելու հեռահար նպատակներն են մի կողմից թուլացնել Հայաստանի տնտեսությունը, մյուս կողմից ուզում են այն տրամաբանությանը բերել, որ իրանականից ձեռք քաշենք ու եթե վաղը մյուս օրը սահմանները բացվեն, իրենցից գնենք այդ ապրանքները։ Բացի այդ՝ ուզում են այսկերպ Իրանի մոտ դժգոհություն առաջացնել, որ իրանական ընկերությունները հրաժարվեն Հայաստանին ապրանք մատակարարել։ Թուրքիայից ապրանքների ներմուծումը ժամանակավոր արգելափակել ենք, որ ստիպված բացենք»,-նշեց Գագիկ Մակարյանը։

Իրանի հետ Հայաստանի արտաքին առևտուրը հասել է համարյա 400 մլն դոլարի, որից մոտ 360 մլն միայն ներմուծում ենք, ինչը քիչ չէ։

Տնտեսագետը նկատում է՝ հաճախ պետական որոշ մարմիններ սկսում են հեշտ ու հանգիստ պարզաբանել, լուծումներ տալ, սակայն պետք չէ մտածել, որ իրանական բեռնատարներից գանձվող այդ գումարներն Իրանն է վճարում։ Այդ փողերը վճարում են հայկական ընկերությունները, որոնք Իրանից ապրանք են առնում, հետևաբար տրանսպորտային այդ լրացուցիչ ծախսերը հայկական կողմի վրա են նստելու, և մեր ապրանքներն ու ծառայություններն են թանկանալու։

«Խնդիրն ինչ-որ չափով նաև մեզանից է գալիս, որովհետև երբ իրանական մեքենաները մեր սահմանն անցնում են հաճախ նման տուրքեր ենք իրենցից գանձում, Ադրբեջանն էլ օրինակ է վերցնում։ Ասում է՝ դե եթե կարողանում են Մեղրու սահմանի վրա գանձել, ես ինչո՞ւ այստեղ պետք է չգանձեմ»,-նշեց տնտեսագետը։

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարության պարզաբանմանը, որ հարցերն իրենց լիազորությունների ներքո չեն, և դրանք ԱԳՆ-ի, ՊՆ-ի և ԱԱԾ-ի դաշտում են, Գագիկ Մակարյանը նկատեց՝ սա ոչ թե ԱԳՆ-ի, ՊՆ-ի կամ ԱԱԾ-ի խնդիրն է, այլ ՀՀ կառավարության, որը պետք է պետական մակարդակով լուծել։

Գագիկ Մակարյանը կարծում է, որ երբ հայ տնտեսվարողները տեսնեն, որ պետությունը չի աջակցում և բեռի տրանսպորտային ծախսերն իր վրա են մնում, կդադարի Իրանից ներմուծել, ինչը Թուրքիայի սրտով կլինի։

Այս հարցը տնտեսագետի խոսքով կարելի է լուծել նաև միջազգային կոնվենցիաների ճանապարհով։ Այսինքն՝ հարցը պետք է նաև կոնվենցիայի մակարդակով բարձրացվի։

«Այստեղ էլ ադրբեջանական կողմը վարպետորեն իր հնարավորությունն է օգտագործելու, մենք էլ մեր հնարավորությունները պետք է օգտագործենք։ Ես տեսնում եմ, որ մենք նման լուծումների տարբերակով չենք գնում։ Ավելի շատ քննադատում ենք, լռում և շատ արագ, չգիտես ինչու, հարմարվում այդ խնդրին ու դրանով ամեն ինչ ավարտվում է»,-նշեց Գագիկ Մակարյանը։

Աղբյուր` Փաստինֆո