Երկիր ցնահանջ

286

                             ԵՐԿԻՐ  ՑնԱՀԱՆՋ

   Կանգնել ենք, դոփում ենք, դոփելուց էլ հետ-հետ ենք գնում։ Այլևս հուսացող հայացքներով մարդիկ մուլտիպլիկացիոն կերպարներ են թվում, որ այս մոխրագույն իրականության մեջ, այս անթաքույց դավադրական «օրեցօր» – ի մեջ դեռ հապաղում են ու երազում՝ երազելով հապաղում։ Մի քանի տարվա մեջ բառացիորեն փոխվեցին արժեհամակարգեր, դրոշը դարձավ գունավոր լաթ… ցավալիորեն պարզ և նկատելի փաստ է՝ որքան էլ ողորկ ճակատներով ըմբոստները հակադարձեն…

   Այս երկիրն այնքան հեղհեղուկ ու պլստիկ է, որ դժվար է ենթադրել նույնիսկ՝ կիրակին մթնի հետո երկուշաբթի՞ կլուսանա, թե՞ փոթորկոտ եռուզեռով անանուն «շաբթի»-ներ։ Երկիր են ղեկավարում ջղային, հիշաչար, հոգեմեդային հաբերի քաղցով անփորձ և անփորձունակ, անհայացք տղաներ։ Նրանք տղա ու ջահել կատեգորիաներում են (եթե ոչ ավելի կոպիտ)։ Նրանք երկիր են ղեկավարում հարբածի նման, նրանք՝ ընտանիք կառավարել չիմացողները։ Այս երկիրը ժանգոտում է սրանց հպումներից և այս անպիտաններին գոհունակ սատարողների ծափերից։ Շափյուղայով մատանին՝ մեր Հայաստանը, մեր երկիր-շափյուղան կամաց-կամաց ցնդում է, և «հայրենիք» կոչված այն ամպը, որին փարվում ենք իբրև աննյութ միֆի, գոլորշանում է, ինչպես բաց անոթում սպիրտը։ Բայց ի՞նչ անել, եթե այս երկրի տերերը ընտրել են այս ուղին (գիտակցաբար, թե անգիտակից՝ էական չէ)։ Դարերն ինչքան էլ փոխվում են, մարդկության որոշումներ ընդունելու բանաձևը անփոփոխ է մնում՝ մեծամասնության կարծիք։ Այդ մեծամասնության մեջ են հիմնականում տգետները, ստահակները, համաներման սպասող սրիկաները, բառաբբաները՝ խաչերին թիկունք արած։ Ուրիշ հարց է՝ փլուզման փոշիներում մեծամասնությունը կհիասթափվի՞, թե՝ չէ։

   Ես զարմանքով եմ հետևում եկեղեցուց զատ, դեռևս տխմար ուղեղներում սրբադասվող այս կերպարի գործունեությանը։ Սա մի չարյաց մարմին է, որին ներվում է ամեն ինչ։ Նա «ներկա»-ն է՝ ներկաների հայրը, որի հովանու տակ այս ազգը ազատվել է իր թշնամի հայերից և շպրտել վերջիններիս մոխրացող անցյալ՝ պիտակավորելով «նախկին»։ Ներվում է սրան ամեն ինչ՝ խնամքով հարստանալ, հաճելիորեն ստել, լավագույն բարքերը քոզել, հայրենիք-մատանին գրավ տալ, վատնել, զոհել, ավիրել, աղետել, թշնամացնել, բերել այս երկիր-մատանուն մի նոր քար՝ շիրմաքար, լալվար քար ու սարքել Հայաստանը հուզականության մեջ սկող արցունքե բնակավայր։ Ներվե՜լ…

   Ուզում եմ հարցնել այս ներող-ըմբռնող հայերին՝ ձեր ի՞նչն է փոխվել, ինչո՞վ եք հիմա ազատ, սարսափի արհեստական թմբիրը, որ ներարկվել է ձեր մեջ ձեր հայրենակիցների դեմ, հաղթահարվա՞ծ է այլևս։ Թուրանական ոչ թավշյա և հենց բռնի ահից չե՞ք սաստվում։ Ձեզ դու՞ր է գալիս մեկ ամբողջական հայրենիք ունենալու հեռանկարը։ Հայրենիք, որ կկոչվի «Երևանի հանրապետություն» և կունենա մեկ հարևան՝ կիսալուսնաձև մի հարևան։ Դուք ազատագրվա՞ծ եք ետ-ետ քայլում, նահանջում, դա էլ հերիք չէ՝ նվագով։ Նահանջը՝ երգով։ Այսպես է պահանջում ապագա խոստացող, ամենայն հայոց «ներկա» սպիտակ առաջնորդը, թիկունքում ամբիոնին թառած առաջնորդը, որ քամում է երկիրը՝ տոնելով հաղթանակ սեփական ժողովրդի զգալի տոկոսի դեմ և տոնում պարտություն՝ թմբուկով ցնահանջ…

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ