Հայաստանի հավաքականը ցավալի միավորներ կորցրեց Լիխտենշտեյնի դեմ խաղում

27

interfootball.am

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Լիխտենշտեյնի ընտրանու դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպման առաջին կեսն անցավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ։

Մեր տղաները մեծ ճնշում էին գործադրում մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն այդ տոտալ առավելությունը չէր հաջողվում վերածել խփած գնդակի. նպաստավոր դիրքերից վրիպեցին Վարազտադ Հարոյանը, Խորեն Բայրամյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Տիգրան Բարսեղյանը, Հենրիխ Մխիթարյանը, Ալեքսանդր Կարապետյանը։

Ամեն անգամ հյուրերին փրկում էր դարպասապահ Բենջամին Բուխելը։

Երբ թվում էր` կողմերն ընդմիջման կգնան 0:0 հաշվի պայմաններում, հանդիպման 45+1-րդ րոպեին Լիխտենշտեյնի հավաքականի ավագ Նիկոլաս Հասլերը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դույե Ստրուկանը մոտ 2 րոպե դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և, ի վերջո, նշանակեց 11-մետրանոց հարված։

Գնդակին մոտեցավ հենց Մխիթարյանը, ով էլ դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ պատկերը նույնն էր. Հայաստանի հավաքականն ուներ տարածքային հսկայական առավելություն, իսկ հյուրերը միայն պաշտպանվում էին։

Ի տարբերություն առաջին կեսի` երկրորդի սկզբում Խոկին Կապառոսի սաների մոտ գրեթե հարվածներ չկային. կարելի է առանձնացնել միայն 60-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանի կատարած հարվածը, որը շեղ ստացվեց։

63-րդ րոպեին էլ մեր հավաքականի բազմաքայլ գրոհը փորձեց եզրափակել փոխարինման դուրս եկած Ժիրայր Շողայնը, սակայն նրա հարվածից հետո Լիխտենշտեյնին կրկին փրկեց Բուխելը։

72-րդ րոպեին հաջողությանը շատ մոտ էր Տիգրան Բարսեղյանը, բայց այս անգամ լիխտենշտեյնցիներին օգնության հասավ դարպասաձողը։

80-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Լիխտենշտեյնի հավաքականը հավասարեցրեց խաղի հաշիվը. Դավիթ Յուրչենկոյի կոպիտ խաղից օգտվեց Նոա Ֆրիկը` հաշիվը դարձնելով 1:1։

Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականն անմիջապես նետվեց առաջ` հաղթանակ կորզելու։

Մեր հավաքականի տղաները խաղավարտին շտապում էին, ինչն էլ նպաատեց, որ չկարողացանք հաղթանակ կորզել։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը չկարողացավ կոտրել Լիխտենշտեյնի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։