Ովքե՞ր են ցանկանում խլել Մեղրին

80

1991թ դեկտեմբերին թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը թուրքական նեղ շրջանակներում ներկայացրեց Բերձորը (Լաչինը) Մեղրիի դիմաց փոխանակելու գաղափարը:

1992թ փետրվարին այդ առաջարկը ներկայացվեց արդեն Ադրբեջանին, նույն ժամանակահատվածում նաև` Հայաստանին: (Հարցրե’ք Րաֆֆի Հովհաննիսյանին) Թուրքիան չէր հանդիսանում բանակցությունների կողմ, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հետևաբար այդ առաջարկը ձևական առումով փոխեց իր հեղինակին և 1992թ մայիս-հունիս ամիսներին ստացավ ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական Գոբլի անունը.Գոբլի (ավելի ճիշտ`Օզալի) պլանը ձեռնտու էր թե’ Թուրքիային, որը ցամաքով կկապվեր Ադրբեջանին, թե’ ԱՄՆ-ին, ով վերջապես կմեկուսացներ Իրանը:

Ընդ որում`Գոբլը մշտապես պնդում էր, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման միակ հակառակորդը ՌԴ-ն է`նկատի ունենալով, որ վերջինս դեմ էր Գոբլի պլանին`Մեղրիի հանձնմանը։

Ի ապացուցումն սրա 1992թ հունիսին ՀՀ նախագահը կոչով խնդրեց ՄԱԿ-ին Արցախում խաղաղապահներ ուղարկել, որը մնաց անարձագանք:

Գոբլի պլանի իրագործումը խափանվեց նաև 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, որով «կողմերը մնում էին իրենց զբաղեցրած դիրքերում»`բացառությամբ Ակնայի, Բերձորի և Քարվաճառի հատվածների. այս պայմաններում Սյունիքը շարունակելու էր անվտանգ և Իրանին կապված մնալ (խոսքը Գորիս-Կապան-Մեղրի-Իրան ավտոճանապարհի մասին է), քանի որ Կովսականի(Զանգելան) ու Որոտան(Կուբաթլու)-ի հատվածներում կային պահպանված դիրքեր, մինչդեռ ՀՀ վարչապետ-ադրբեջանի նախագահ բանավոր պայմանավորվածության արդյունքում խախտվեց 10/11/2020թ հայտարարությունը, և Ադրբեջանին հանձնվեցին Սյունիքի անվտանգության գոտիները, որով սկսվեց Գոբլի (Օզալի) պլանի իրագործման առաջին արարը:

Սրան հաջորդեց ադրբեջանցիների դիրքավորումը Գորիս-Կապան-Մեղրի-Իրան ավտոճանապարհի երկայնքով, որից հետո ԱՄՆ դեսպանը (հիշելով հայտնի հակառուս Գոբլին) մեկնեց Սյունիք հանգստանալու. իսկ ահա արդեն օրեր անց թշնամին փակեց Հայաստանն Իրանին կապող ՄԻԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ճանապարհը`ցույց տալով, որ Գոբլի(Օզալի) պլանը օրակարգում է և սպասվում է բոլորին մոտ ապագայում:

Այս պատմական ակնարկն ավարտելով՝ հույս եմ հայտնում, որ վերջապես կհասկանաք, թե ով ում շահն է սպասարկում, որ երկիրն է որ երկրի կողքին, և ով է այս ամենի հետևում կանգնած:

Վահե Գրիգորյան

իրավագետ, սահմանադրագետ